Մենք այսօր Երևանում ունենք տասը հազարից ավելի երեխաներ, որոնք սպասում են նախադպրոցական կրթություն ստանալու իրենց հերթին, և սովորաբար նրանց հերթը վրա է հասնում այն տարիքում, երբ նրանք դպրոցական պետք է լինեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում, պատասխանելով հարցերին, ասաց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ ժաննա Անդրեասյանը:

«Հետևաբար սա առաջնահերթ խնդիր է, և մենք հասկանում ենք, որ պետությունը չի կարող այդ ամբողջ պահանջարկը բավարարել և կարիք էլ չկա գնալ այդ ճանապարհով»,- ասաց նա և կարևորեց  համապատասխան լիցենզավորման ընթացակարգերը և պետական նախադպրոցական հաստատությունների գործարկումների խրախուսումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Զարուհի Բաթոյանը նկատեց, որ վերջին շրջանում ակտիվ հրապարակումներ եղան երեխաների հետ կապված բռնությունների վերաբերյալ, որոնք անհանգստացնող են: Նա վերապատրաստումների և տեսախցիկների տեղադրման հնարավորության վերաբերյալ հարց բարձրացրեց, իսկ փոխնախարարը համաձայնեց, որ երեխաների հանդեպ բռնության մտահոգիչ դեպքեր էին արձանագրվում և մամուլում, և ոչ մամուլում, ինչի համար պետությունը պարբերաբար վերապատրաստումների բաղադրիչ է ներդնում: Տեսախցիկների հարցի մասին նա ասաց, որ կփորձեն ուսումնասիրել հարցը և գտնել լուծում:

 

848