
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։
Պուտինն իր ֆրանսիացի գործընկերոջն ասել է, որ Ռուսաստանը, «չնայած Կիևի անհետևողականությանը և լուրջ աշխատանքին անպատրաստությանը», դեռևս բաց է երկխոսության համար։
Ռուսաստանի ղեկավարը մատնանշել է նաև ԵՄ երկրների կողմից Ուկրաինայի անվտանգության ուժերի ռազմական հանցագործությունների անտեսման փաստերը։
«Ուշադրություն է հրավիրվել Եվրամիության անդամ երկրների կողմից ուկրաինական անվտանգության ուժերի ռազմական հանցագործությունների անտեսմանը, Դոնբասի քաղաքների զանգվածային գնդակոծմանը, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում», - ասված է հաղորդագրությունում:
Սա նրանց առաջին խոսակցությունն էր ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Մակրոնի վերընտրվելուց հետո։