
Թուրքիան Շվեդիայից և Ֆինլանդիայից ակնկալում է «անհրաժեշտ քայլերը» Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար։ Այս մասին ասել է նախագահ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Անկարան դեմ է այդ երկրների անդամակցությանը «բոլոր անդամների անունից, որոնք մինչ այժմ եղել են ահաբեկչության օբյեկտ»։
«Թուրքիան ցանկանում է, որ այդ երկրները աջակցեն հակաահաբեկչական գործողություններին, որոնք պետք է իրականացնեն ՆԱՏՕ-ի անդամները: Ահաբեկչությունը սպառնալիք է բոլոր անդամ երկրների համար, ուստի թեկնածու երկրները պետք է ճանաչեն այդ փաստը նախքան կազմակերպությանն անդամակցելը: Եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումն այս հարցում»,- ասել է Թուրքիայի նախագահը The Economist-ում հրապարակված հոդվածում։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցել են դաշինքին միանալու հայտ։ Պաշտոնական Թուրքիան արգելափակել է դրանց քննարկման գործընթացի մեկնարկը՝ պատճառաբանելով, որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քուրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի մասին նրանց հավաստիացումներին։