Ինչպես արդեն հայտնել էինք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի: Ներկայացնում ենք նորանշանակ նախագահի կենսագրությունը: Ծնվել է 1954 թ. օգոստոսի 23-ին Երեւանում: 1984-ին ավարտել է Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ակադեմիան: Ունի «Օդային տրանսպորտի շահագործում» մասնագիտության օդաչու-ինժեների որակավորում: Աշխատանքային գործունեությունն սկսվել է 1973 թ. Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքի միավորված ավիացիոն ջոկատում որպես «Ան-2» օդանավի երկրորդ օդաչու: 1976-1977 թթ. Խմելնիցկիի միավորված ավիացիոն ջոկատում աշխատել է որպես «Ան-2» օդանավի հրամանատար: 1977 թ. տեղափոխվել է քաղավիացիայի հայկական վարչության Երեւանի միավորված ավիաջոկատ՝ որպես «Յակ-40» օդանավի երկրորդ օդաչու՝ աշխատելով մինչեւ 1979 թ.: 1979-1980 թթ. աշխատել է Լենինականի օդանավակայանի հերթապահ շտուրման: 1980-1981 թթ. աշխատել է քաղավիացիայի հայկական վարչության 113-րդ թռիչքային ջոկատում որպես «Յակ-40» օդանավի երկրորդ օդաչու, 1981-1983 թթ.՝ նույն թռիչքային ջոկատում որպես «Յակ-40» օդանավի հրամանատար: 1983-1984 թթ. նույն ջոկատում նշանակվել է 2-րդ ավիացիոն էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչ, իսկ 1984-1987 թթ. եղել է 113-րդ թռիչքային ջոկատի հրամանատարը: 1987-1988 թթ. եղել է նույն թռիչքային ջոկատի «Յակ-40» օդանավի հրամանատար: 1988 թ.-ից տեղափոխվել է քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության 279-րդ թռիչքային ջոկատ որպես «Տու-154» օդանավի երկրորդ օդաչու, իսկ 1991-1998 թթ.՝ որպես 1-ին թռիչքային ջոկատի «Տու-154» օդանավի հրամանատար:   1998-2003 թթ. աշխատել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունում, սկզբում՝ որպես «Airbus A310» օդանավի հրամանատար, այնուհետ՝ «Տու-154» օդանավի հրամանատար: 2003 թ. հուլիս-նոյեմբերին աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում որպես «Airbus A320»-ի օդաչու, այնուհետ՝ թռիչքային ծառայության թռիչքային տնօրեն, «Airbus A320» օդանավի ավիացիոն էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչ, գլխավոր տնօրենի տեղակալ, թռիչքային համալիրի տնօրեն, թռիչքային ծառայության պետ-ղեկավար օդաչու, «Airbus A319» եւ «Airbus A320» տիպի օդանավերի ավագ հրահանգիչ-հրամանատար մինչեւ 2013 թ.: 2011-2013 թթ. աշխատել է Լիտվայի Վիլնյուս քաղաքի «Sabenavita» ընկերությունում որպես «Airbus» տիպի օդանավի վարժասարքի հրահանգիչ: 2012-2013 թթ. աշխատել է Վիլնյուսում գտնվող Բալթյան ավիացիոն ակադեմիայում որպես «Airbus»-ի վարժասարքի հրահանգիչ:  2013-2019 թթ. աշխատել է «Qatar Airways» ավիաընկերությունում որպես վարժասարքի քննող/հրահանգիչ: Ազատ տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու զավակ: 

3094