2022 թվականի ապրիլի 22-ից մեկնարկած «Դիմադրություն» շարժման մասնակիցները հունիսի 15-ին ազատեցին Ֆրանսիայի հրապարակը վրաններից՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կվերսկսեն վրանային շարժումը։ Հանրահավաքները, սակայն, խաղաղ չանցան։ Վերոնշյալ ժամանակահատվածում ակցիայի մասնակիցների կողմից ոչ իրավաչափ գործողություններ կատարելու առիթով հարուցվել են մի շարք քրեական գործեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ի պատասխան մեր՝ հունիսի 15-ին ուղարկած հարցման։

Ըստ Գլխավոր դատախազության տվյալների՝ հանրահավաքների, երթերի և ընդդիմության հայտարարած անհնազանդության գործողությունների ընթացքում 2022թ. հունիսի 17-ի դրությամբ հարուցվել է ընդհանուր 30 քրեական գործ, 3 դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, մեկ դեպքով նախապատրաստվում են նյութեր: Որպես մեղադրյալ է ներգրավվել 53 անձ, որոնցից 28-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ մեկ կամ երկու ամիս ժամկետով: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Վերոնշյալներից 3 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ քննվող քրեական գործերից անջատված մասերով 4 անձի վերաբերյալ 3 քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Ընդդիմության կազմակերպած հանրահավաքների ընթացքում Ոստիկանությունում ևս մի շարք հաղորդումներ են ստացվել։ Ստացված հաղորդումներից 46-ով հարուցվել են քրեական գործեր, 30-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3 քրեական գործի վարույթ կարճվել է, իսկ 20 հաղորդումների հիման վրա դեռևս նախապատրաստվում են նյութեր։ Նշյալ քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք նախաքննության ներկա փուլում դեռևս չկան:

854