Իսպանական «Բարսելոնան» գերմանական «Բավարիային» առաջարկել է 35 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուս՝ ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի համար, հայտնում է The Telegraph-ը։

Սակայն «Բավարիան» 33-ամյա լեհ հարձակվողի համար, որի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի, պահանջում է 40 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» արդեն մերժել է «Բարսելոնայի» առաջարկը՝ 32 միլիոն եվրոյի չափով խաղացողի տրանսֆերի համար։

Լևանդովսկին Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել 2014 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»: Մյունխենյան ակումբի կազմում նա անցկացրել է 375 հանդիպում, խփել 344 գոլ ու ութ անգամ դարձել Գերմանիայի չեմպիոն։ 2020 թվականին նա հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։ Լեհաստանի հավաքականի կազմում Լևանդովսկին անցկացրել է 129 հանդիպում, որոնցում դարձել է 75 գոլի հեղինակ, նա ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով հարձակվողը ճանաչվել է աշխարհի լավագույն խաղացող 2020 և 2021 թվականներին։

240