SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում հայտնի «Երազ» այգում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 6-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից  ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ  «հարականջային շրջանում օտար մարմին» վնասվածք ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Իսրայելյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 15-ամյա Աշոտ Ա.-ն է, ով հուլիսի 2-ին, ժամը 21:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգում  «Տիր» հրազգարանում հաճախորդի կրակոցի անդրադարձի հետևանքով ականջի մասում նշված վնասվածքն  է ստացել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր երեխան սովորում է Երևանում գործող հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: 

2268