Իրանի հոգևոր առաջնորդի շեշտադրումը՝ Հայաստանի և Իրանի սահմանի անխախատելիության վերաբերյալ, մի կողմից խոսում է իրանական դիրքորոշման մասին մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների հետ կապված, մյուս կողմից՝ անշուշտ, թույլ է տալիս ենթադրելու, որ մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների հետ կապված կողմերի միջև կան որոշակի տարաձայնություններ: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեինի թվիթերյան գրառմանը, ըստ որի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի  փակմանը:

«Այսինքն, եթե իրանական կողմը շեշտադրում է կատարում սահմանների վերաբերյալ, նշանակում է, որ կամ քննարկվող սցենարներում մեր տարածաշրջանի հետ կապված Իրանը ունի տարաձայնություններ և արձանագրում է իր կարմիր գծերը, կամ կանխատեսվող բանակցություններում է  ներկայացնում իր դիրքորոշումը և շեշտադրում, որ որևէ պայմանավորվածություն, որ կարող է կասկածի տակ դնել Իրան-Հայաստան սահմանի անխախտելիությունը, դա ընդունելի չէ Իրանի համար»,- ասաց նա:

Արմեն Պետրոսյանը միանշանակ համարեց, որ ամենաբարձր մակարդակով քննարկվել է այս հարցը, որը չափազանց կարևոր է և ենթադրելի է, որ կողմերի դիրքորոշումներում կան որոշակի տարաձայնություններ, ինչի մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ պաշտոնական հաղորդագրություններում չի խոսվում 3 +3   ձևաչափի մասին, քանի որ այս երեք երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը մշտապես շեշտադրել են Հարավային Կովկասում եղած խնդիրները:

Իրանագետը նշեց, որ Իրանի համար Հայաստանի հետ սահմանի անխախտելություն խափանման դեպքում Իրանի արտաքին կապը դեպի Արևմուտք մեծապես կախված կլինի թուրքական գործոնից, որը ռազմավարական մեծագույն խնդիր է Իրանի համար և կարող է նրան խոցելի դարձնել:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներում Հայաստանի շահին, ապա Արմեն Պետրոսյանն ասաց, որ քանի որ աշխարհը գտնվում է բավականաչափ բարդ զարգացումների գործընթացներում, նոր աշխարհակարգի ձևավորման փուլում այս անկայունության իրավիճակում դժվար է խոսել համերաշխության մասին: «Բոլոր դերակատարները և´ գլոբալ, և´ տարածաշրջանային և´ անգամ փոքր պետությունները, փորձում են դիրքավորվել նոր աշխարհակարգի գործընթացում, իսկ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, պատերազմի հետևանքները, Հայաստանի համար բավականաչափ բարդ է դիրքավորվել այնպես, որ վերջնարդյունքը լինի անկորուստ»,-ասաց նանշելով, որ այդ պայմաններում հայկական կողմի համար երևի առավելապես կարևոր է գործել տարբեր շահագրգիռ դերակատարների հետ շահերի համադրման սկզբունքի հիման վրա:

«Այսինքն Հայաստանի համար կարևորագույն խնդիրներում պետք է փորձել գործել այն դերակատարների հետ համագործակցությամբ, որոնց մոտեցումը համընկնում է կամ մոտ է հայկական կողմի դիրքորոշմանը, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել այն կարևոր սկզբունքը, որ որևէ նման դիրքավորում չպետք է լրջագույնս վնասի ֆունդամենտալ հարաբերություններին, որոնք կան հատկապես դաշնակից և ռազմավարական առումով կարևոր գործընկերների հետ, տվյալ դեպքում Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները»,-ասաց նա

 

446