Այսօր Ռոբերտ Քոչարյանը իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մի շարք ինքնախոստովանություններ արեց։ Նախ խոստովանեց, որ ժողովրդականություն չի վայելում, եւ ընդդիմությունը շանսեր չունի հաջողելու, քանի որ երկու ամիս տեւած հավաքները ցույց տվեցին, որ բավական քանակությամբ սատարողներ չունեն։

Նկատենք, որ Իշխան Սաղաթելյանը կամ մեկ այլ ընդդիմադիր առաջնորդ յուրաքանչյուր հանրահավաքից առաջ եւ հետո կիսադատարկ հրապարակում տասնյակ հազարավոր մասնակիցների թվեր էր ներկայացնում։ Փաստորեն ստացվեց այնպես, որ իրենց իսկ առաջնորդը մերկացրեց սուտը։

Ավելին` Քոչարյանը խոստովանեց, որ 2018 թվականին իսկապես ժողովուրդը միահամուռ ոտքի էր կանգնել, եւ ափսոսանքով խոսեց, որ այսօր չկա այդքան մարդ, որ կկանգնի իրենց կողքին, որ կարողանան հեղաշրջում անել, միեւնույն ժամանակ նշելով, որ համենայն դեպս իր աչքի առաջ ունի 3-4 հոգի վարչապետի թեկնածու։

Կարելի է ասել, որ Քոչարյանը խոստովանեց, որ 30 տարվա ընթացքում ոչինչ չեն արել, քանի որ եթե բանակը զինած լինեին, այսօր չէր մեղադրի, որ 2 տարվա ընթացքում այս իշխանությունները գոնե ԱԹՍ-ներ ձեռք բերած կլինեին։ Քանի որ եթե իրենք իրենց իշխանության 30 տարիների ընթացքում ԱԹՍ-ներ (եւ ոչ միայն) ձեռք բերած լինեին, ապա 44-օրյան ավելի կարճ կտեւեր եւ կունենար հաղթական ելք, այսօր էլ դեռ պահեստային ԱԹՍ-ներ կմնային։

Եվ վերջապես, Քոչարյանը խոստովանում է, որ Էրդողանի վրա ոչ ոք չի կարող ազդել, եւ որ Էրդողանը «մաստեր-կլաս է» ցույց տալիս իր ազգային շահերի պաշտպանության հարցում։ Այսինքն, այն, որ Էրդողանի ռեժիմը իր երկրում դիկտատուրա է հաստատել, այլ երկրներ գրավելու կոչեր է անում, ինչու չէ նաեւ ներխուժում, Քոչարյանի համար դա «մաստեր-կլաս է», իսկ քոչարյանականները ներկա իշխանություններին` հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մեղադրում են թրքամետության մեջ։

 

 

 

1376