Լեհական լրատվամիջոցներն այսօր հրապարակել են օդերևութաբանական տվյալներ, որոնց համաձայն՝ նոյեմբերի վերջին ձյան ծածկույթը ամենաբարձրերից կլինի վերջին 56 տարվա ընթացքում։

 

«Սա մեծացնում է ցուրտ ձմռան կանխատեսման հավանականությունը ինչպես Հյուսիսային Ամերիկայի, այնպես էլ Եվրոպայի համար: Լեհաստանի համար նախորդ կանխատեսումները ցույց են տալիս, որ դեկտեմբերի սկզբին ջերմաչափերը կարող են հասնել մինուս 15 աստիճանի ըստ Ցելսիուսի»,- նշում է Onet.pl-ը:

 

Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի տվյալներով՝ Եվրոպայում ձյան ընդհանուր զանգվածը զգալիորեն գերազանցում է 1982-2012 թվականների միջին ցուցանիշը: Օդերևութաբանները նախազգուշացնում են դեկտեմբերի առաջին օրերին Լեհաստանում և Եվրոպայի արևելյան շրջաններում ցածր ջերմաստիճանի մասին: Ինչպես հայտնում է fanipogody.pl պորտալը, ցուրտ օդը կսկսի ներթափանցել մայրցամաքի արևելքից և կունենա բևեռամայրցամաքային առանձնահատկություններ։

 

«Ամենաուժեղ սառնամանիքները կարող են գերակշռել Պոդլյասեում, Վարմիայում և Մազուրիում, ինչպես նաև Արևելյան Մազովիայում և Լյուբլինի շրջանում»,-  նշվում է պորտալում (Լեհաստանի վերջին շրջանը սահմանակից է Արևմտյան Ուկրաինային, - EADaily):

1164