Բիշքեկում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Բանակցությունների մեկնարկին Հայաստանի վարչապետը առաջարկել է խոսել տարածաշրջանային անվտանգության մասին՝ ընդգծելով «լարվածության աճը Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»։

«Իրավիճակը մեզ մոտ մնում է լարված։ Մեր տարածաշրջանում գլխավոր հարցը մնում է ղարաբաղյան կարգավորումը։ Ցավոք, մենք տեսնում ենք նաև լարվածություն Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- բացելով հանդիպումը՝ ասել է Փաշինյանը՝ խոսելով Լաչինի միջանցքում տեղի ունեցած վերջին զարգացումների՝ ճանապարհը փակելու ադրբեջանական փորձերի մասին։

«Լեռնային Ղարաբաղում լուրջ մտավախություններ կան այս առիթով։ Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը»,- ասել է Փաշինյանը։

Միաժամանակ, Հայաստանի վարչապետը պնդել է, թե Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է։

«Այս տարվա առաջին տասը ամիսներին մեր առևտրաշրջանառությունը եղել է 67 տոկոս, ինչը լավ ու դրական ցուցանիշ է։ Այդուամենայնիվ, միշտ կան հարցեր, և ես ուրախ եմ, որ մենք ունենք դրանք քննարկելու այս հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ԵԱՏՄ մեխանիզմների լավարկման միջոցով կհաջողվի պահպանել ռուս-հայկական տնտեսական փոխազդեցության դրական դինամիկան։

626