Դպրոցների վարչատնտեսական գործընթացի կառավարումն այսուհետ կկատարեն ոչ թե դպրոցների տնօրենները, այլ մասնավոր կազմակերպությունները։ Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 12-ի նիստում հաստատեց հանրակրթական հաստատությունների կառավարման նոր մոդելին վերաբերող կարգը:

Ըստ այդմ, դպրոցի կառավարման գործընթացը փաստորեն կբաժանվի երկու մասի` ուսումնական և վարչատնտեսական: Ուսումնական մասով կշարունակեն զբաղվել տնօրենները, իսկ վարչատնտեսականը կպատվիրակվի մասնավոր կառավարիչներին։

«Մեր երկրում այս երկու ուղղությունները ղեկավարում է դպրոցի տնօրենը: Դպրոցն ունի տնօրենի տնտեսական աշխատանքների գծով տեղակալի և հաշվապահի հաստիքներ, որոնք կատարում են իրենց աշխատանքը տնօրենի վերահսկողությամբ, և բոլոր գործընթացներին տնօրենը մասնակցում է: Ֆինանսատնտեսական, վարչական և տնտեսական աշխատանքները տնօրենից մեծ ժամանակ են պահանջում, ինչը հնարավորություն չի տալիս լիարժեք ձևով կազմակերպելու, գնահատելու և վերահսկելու ուսումնական գործընթացը դպրոցում: Այս դեպքում աշխատանքն իրականացնում է տնօրենի ուսումնական աշխատանքերի գծով տեղակալը, որի պարտականությունները շատ դեպքերում համընկնում են տնօրենի պարտականությունների հետ»,– ասված է կառավարության ընդունած որոշման հիմնավորման մեջ։

Վարչատնտեսական գործընթացի կառավարումը մասնավորին պատվիրակելու դեպքում դպրոցի ղեկավարությունը կազատվի ավելորդ գործառույթներից ու կկարողանա առավել որակյալ կազմակերպել ուսումնական գործընթացը։

502