2022 թվականին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել։ Այս մասին ասվում է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում։

Մայիսին իշխանությունները ազատ են արձակել ավելի քան 20 մարդու, որոնք բանտարկված էին քաղաքական դրդապատճառներով և շինծու մեղադրանքներով: Սակայն առնվազն 30 մարդ մնացել է անօրինական բանտարկված, քանի որ իշխանությունները շարունակում էին հետապնդել իրենց քննադատներին և այլ այլախոհների:

Սահմանափակող օրենքները շարունակում էին խոչընդոտել ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) անկախ գործունեությանը։ Մարդու իրավունքների այլ մշտական ​​մտահոգությունները ներառում են համակարգված խոշտանգումները և դաժան վերաբերմունքը կալանավայրերում, ինչպես նաև լրատվամիջոցների ազատության սահմանափակումները:

Հուլիսին, ուկրաինական իրադարձությունների հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի ֆոնին, Եվրամիությունը համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի հետ, որի նպատակն էր ավելացնել երկրից Եվրոպա գազի արտահանումը։ Այնուամենայնիվ, ըստ կազմակերպության, ԵՄ-ն չի օգտագործել լայն երկկողմանի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, որպեսզի ապահովի մարդու իրավունքների բարելավում:

HRW-ն անդրադարձել է նաև Ադրբեջանի ռազմական հանցագործություններին։ Զեկույցում նշվում է, որ սեպտեմբերի կեսերին Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք։ Մարտերը 2020 թվականի հրադադարի մի քանի խախտումներից մեկն էին։ HRW-ի կողմից վավերացված տեսանյութում ներկայացված է առնվազն յոթ հայ զինվորի արտադատական ​​մահապատիժը ադրբեջանական ուժերի կողմից այս մարտերի ընթացքում։

Ռազմական գործողությունների առանձին միջադեպերը շարունակել են սպառնալ Լեռնային Ղարաբաղի գյուղերում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող խաղաղ բնակչության անվտանգությանն ու կենսապահովմանը, ընդգծվում է զեկույցում։

502