Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունվարի 31-ին, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, ընթանում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների եւ փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Այս մասին գրում է Հետք-ը։

«Այդ ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նրանց փոխկապակցված անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը:

Դատախազության ներկայացուցիչն էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը: Պատասխանող կողմը, թեև ծանուցվել էր, չէր ներկայացել նիստին, փոխարենը նրանց ներկայացուցիչն էր դատարանի դահլիճում՝ փաստաբան Վահագն Գրիգորյանը։

Գևորգ Քոչարյանը նախորդ դատական նիստին ներկայացրել էր հայցի առարկայի փոփոխման միջնորդություն և պատասխանողի ներկայացուցիչը խնդրել էր ժամանակ, որպեսզի ծանոթանա միջնորդությանը և դիրքորոշում ներկայացնի։

Դատախազը ներկայացրեց հայցի առարկայի փոփոխությունը՝ նշելով, թե սկզբում ինչ պահանջ է եղել և թե ինչ են առաջարկում փոփոխել։

Դատախազությունը Ա կետով պահանջում է Սուրիկ Խաչատրյանից և Լորետա Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ք․ Երևան, Այասի փողոց 10/1 հասցեի գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 1 մլրդ 176 մլն 167 հազար 500 դրամ։ Նախկինում ներկայացված է եղել նույն հասցեով գույքի արժեքի 99,25%-ը։ Այսինքն՝ փոփոխությունը տվյալ դեպքում այն է, որ փոփոխված տարբերակում չկա նշված գույքի տոկոս և նշված է անհնարինության դեպքում դրա շուկայական արժեքի բռնագանձման խնդրանքը։

Հաջորդիվ Դատախազությունը նույն անձանցից պահանջեց բռնագանձել Երևանի Ուլնեցու փողոց թիվ 32/11 հասցեով գույքը, իսկ անհնարինությա դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 946 մլն 320 հազար դրամ։ Նախկինում ներկայացված է եղել տվյալ գույքի արժեքի 18,21%-ը։ Նշենք, որ այս գույքի ապօրինի ձեռքբերման մասին «Հետքը» գրել էր 2018 թվականին, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ։ Ավելի ուշ քրեական գործը կարճվել էր։

Նույն անձանցից պահանջվում է բռնագանձել նաև «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի բաժնեմասում 100% մասնակցությունը։ Նախկինում ներկայացված է եղել ընկերության 99,87% բաժնեմասը։ Բռնագանձել նաև մեկ այլ օտարերկրյա ընկերությունում կատարված 10 մլրդ 250 մլն դրամի չափով ներդրման 100%-ը, իսկ անհնարինության դեպքում՝ ներդրման չափով գումար։ Նախկինում ներկայացված է եղել նույն ընկերությունում ներդրված գումարի 98,52%-ը։

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքում գտնվող ևս մեկ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 165 մլն 422 հազար 500 դրամ։ Նախկինում ներկայացված է եղել տվյալ գույքի արժեքի 99,22%-ը»։

732