Երբ տեսախցիկներն անջատված են լինում, մեր ընդդիմադիր գործիչները լինում են շատ կառուցողական, շատ հանգիստ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:

«Կարծում եմ՝ այսօր դաշնակցական գործիչները որոշեցին գովազդել դաշնակցություն կուսակցությունը»,- ասաց նա և  հիշեցրեց, որ այդ նույն դաշնակցությունն էր, որ 1907 թվականին թուրքերի հետ համագործակցություն ստորագրեց, և այդ մարդիկ իշխանությանը մեղադրում են թուրքասիրության մեջ:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի վերաբերյալ գլխավոր դատախազի ելույթին՝ Արփինե Դավոյանը նկատեց, որ ինչպես ընդդիմությունն է ասում՝ միակուսակցական շոու տեղի չի ունեցել, այլ ընդդիմությունը ինքնակամ լքել է դահլիճը, քանի որ ասելիք չուներ: «Չեք կարող որևէ ձևով արդարացնել այն բանը, որ զորամասի տարածք է օտարվել, վաճառվել շատ ցածր գնով, որից հետո բարձր գնով գրավադրվել է: Ես ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները դուք եք, որովհետև մենք երկար ժամանակ երազում ենք ունենալ կառուցողական և նորմալ ընդդիմություն, որ գան մեզ քննադատեն, ոչ թե գան այստեղ կրկնեն 2018 թվականից հետո մինչ այսօր հնչող իրենց ելույթները տարբեր դերակատարումներով»,- ասաց նա:

697