Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ կենսաչափական համակարգի անցման քաղաքականություն` ՀՀ քաղաքացու անձը հաստատող բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթեր տրամադրելու համար: Այս մասին ասված է ՀՀ ՆԳ նախարարության պարզաբանման մեջ:

 

Այդ նպատակով ընթանում են բարեփոխումներ, որոնց արդյունքում նախատեսվում է տրամադրել նոր սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված անձը հաստատող կենսաչափական փաստաթղթեր` ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ ՀՀ-ում օրինական բնակության իրավունք ունեցող այլ անձանց՝ աստիճանաբար հին անձնագրերը փոխարինելով նորերով:

 

Նշված հանգամանքով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով դադարեցվել է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրումը, իսկ նույնականացման քարտերը 2023 թվականի փետրվարի 15-ից տրամադրվում են առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև նոր անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի ձեռքբերումն ու քաղաքացիներին տրամադրելը (ՀՀ ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որոնք ընդունվել և ուժի մեջ են մտել 30.12.2022 թվականից):

 

Վերը նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել ծրագրային փոփոխություններ, ինչի հետևանքով համակարգը երբեմն խափանվում էր, և հնարավոր չէր լինում ձևակերպել ու թողարկել նույնականացման քարտերը:

 

Խափանումները կարող էին տևել մի քանի ժամից մի քանի օր, ինչով պայմանավորված՝ նման իրավիճակներում անձնագրային ծառայություններին հանձնարարվել էր նույնականացման քարտեր չձևակերպել կամ ձևակերպել, սակայն սեղմ ժամկետում ծառայությունների մատուցման պայմանագրեր չկնքել:

 

Բացի այդ, հաշվի առնելով առկա նույնականացման քարտերի բլանկների սղությունը, մինչև նոր նույնականացման քարտի ձեռք բերումը և 2023 թվականի փետրվարի 15-ից քաղաքացիներին տրամադրումը, դրանք տրվել են որոշակի սահմանափակումներով և հիմնականում այն անձանց, ովքեր իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար օրենսդրությամբ սահմանված է էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման անհրաժեշտություն:

 

2023 թ․ փետրվարի 15-ից ՀՀ քաղաքացիները ստանում են նույնականացման քարտեր և ՀՀ Կառավարության 25.12.1998 թ. թիվ 821-Ն որոշմամբ սահմանված անձնագրեր:

 

712