Պետական ​​այցով Չինաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը Չինաստանի նախագահ Սի Ծինպինին ասել է, որ հույսը դնում է Պեկինի միջնորդության վրա՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

«Ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել Ձեզ վրա, որ բոլոր կողմերին կբերեք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Մակրոնը Սի Ծինպինի հետ հանդիպման ժամանակ։

Մակրոնը Չինաստան է ժամանել չորեքշաբթի։ Ֆրանսիայի նախագահի համար սա առաջին այցն է Չինաստան վերջին երեքուկես տարվա ընթացքում, նախորդ անգամ նա Պեկին էր այցելել 2019 թվականի աշնանը՝ իր առաջին նախագահական ժամկետում։

Ֆրանսիայի ղեկավարը նախատեսում է Պեկինում քննարկել ուկրաինական հակամարտությունը և երկկողմ ֆրանս-չինական հարաբերությունների զարգացումը, առաջին հերթին՝ տնտեսական ոլորտում։ Չորեքշաբթի նա ասել է, որ Չինաստանը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում՝ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների շնորհիվ։ Մակրոնի այցի պաշտոնական ծրագիրը, Ելիսեյան պալատից ստացված տեղեկատվության համաձայն, կավարտվի ապրիլի 7-ին։

489