Աստանայում ընթացող Յան Նեպոմնյաշչի – Դին Լիրեն շախմատի աշխարհի առաջնության մրցամարտին զուգահեռ անցկացվեց Satty Zhuldyz Rapid & Blitz-2023 միջազգային մրցաշարը: Դրան մասնակցեցին և տարեց, և պատանի շախմատիստներ:

Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր հաշվարկով առաջին տեղը գրավել է ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նա երկու մրցումներում գրավել է 2-րդ տեղերը: Լևոն Արոնյանը կստանա 44.686 դոլար պարգևավճար: Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը ընդհանուր հաշվարկով գրավել է 3-րդ տեղը և պարգևատրվել 23.774 դոլարով:

Լևոն Արոնյանը մրցաշարի փակման ժամանակ տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է շախմատ խաղալ այնքան ժամանակ, ինչպես դա արել է նախկինում հայտնի գրոսմայստեր Վիկտոր Կորչնոյը (մինչև 70 տարեկան):

Ի դեպ, նա դարձել է ՖԻԴԵ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակի առաջատար: Արոնյանը 2023 թվականի ընթացքում արդեն վաստակել է 32,81 վարկանիշային միավոր: Այդ ցուցանիշով Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը:

2360