ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է օրենսդրական նախադրյալներ ապահովել Գեղարքունիքի մարզում Ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծելու համար։ Նրա խոսքով, նոր ստորաբաժանումը կարողանալու է լճի մակերևույթին ու առափնյա հատվածում իրականացնել պարեկային մասնագիտացված ծառայություն։

Փոխնախարարի խոսքով Ոստիկանության համար պետք է նախատեսել որոշակի իրավունքներ, որոնք ծառայողները տեղում կկարողանան իրականացնել. «Առաջարկվում է սահմանել «Ոստիկանությունը լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս հանցագործություններ կամ վարչական իրավախախտումներ կանխելու կամ բացահայտելու նպատակով կամ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ծառայության ներկայացուցիչն իրավունք ունենա, կանգնեցնել լողամիջոցը և ստուգել նավավարման իրավունքի վկայականը և լողամիջոցի շահագործման համար օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև առերևույթ անսարքությունների առկայությունը, իրականացնել նավավարի սթափության վիճակի զննություն, լողամիջոցը վարելուց մեկուսացնել ոչ սթափ վիճակում գտնվող անձանց, ստուգել հրդեհային անվտանգության սահմանված կանոնների պահպանումը, տիրապետողի կամ քաղաքացիների ներկայությամբ զննել լողամիջոցը, ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում»,- ասել է նա։ 

Ըստ Սարգսյանի, Ջրային պարեկային ծառայության հիմնական ֆունկցիոնալ բազան լինելու է ջրային ավազաններում և առափնյա հատվածներում՝ լողափերում, հանգստյան գոտիներում հասարակական կարգի և հովեկների ու մնացյալ քաղաքացիների անվտանգության ապահովումը, արձագանքը իրավախախտումներին ու պատահարներին, ապօրինի ձկնորսության ու որսի դեմ կանխարգելիչ պայքարը, ջրային ավազաններում դժբախտ պատահարների կանխարգելումն ու խեղդվողներին փրկելը. «Այս պահի դրությամբ Սևանա լճի մասով ակնկալում ենք ունենալ 4 հիմնական հենակետ: Իրականացրել ենք ընդունելություն Ջրային պարեկային ծառայությունում, հիմնական շեշտը դրվել է գործող պարեկների վրա, քանի որ սա ավելի բարձր պատրաստվածություն ենթադրող ծառայություն է. անփորձ մարդկանց ընդունել չէինք կարող: Ստուգել ենք դիմորդների լողալու ու սուզվելու հնարավորությունները: Հուլիս-օգոստոս ամիսներին նրանց համար հատուկ վերապատրաստում կիրականացվի»,- հայտնել է Արփինե Սարգսյանը:

428