
Արցախը եթե համարում էինք հայկական երկրորդ պետություն, խնդրում եմ բերեք այն փաստաթուղթը, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Արցախը՝ որպես հայկական երկրորդ պետություն, որ հետո չստացվի՝ նրա մասին ենք խոսում, ինչը չկա: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
«Ես առաջարկում եմ առաջնայինը երկրորդայինի հետ չշփոթել, առաջնայինը Հայաստանի Հանրապետությունն է, ՀՀ պետական օրակարգի սպասարկումն է, Արցախը այդ օրակարգի բաղադրիչ է: Մենք այդ բաղադրիչը սպասարկում ենք այնքանով, որքանով կարողանում ենք, որովհետև այդ բաղադրիչի պաշտպանության սպասարկման համար մենք գնացինք կործանարար պատերազմի և ունեցանք այն արդյունքները, որոնք ունենք»,- ասաց նա և նշեց, որ «մենք ուզում ենք հասարակությանը ոտքի կանգնեցնել»:
«Ես կիսում եմ և երկու ձեռքով պաշտպանում եմ այն տեսակետը, որ մենք ճանաչելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե հասնենք փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելուն և խաղաղության պայմանագրին: Հայաստանը պետք է վերադառնա խաղաղ նավահանգիստ, այս փոթորկվող կյանքը պետք է վերադառնա սովորական առօրյա վիճակի, քանի որ Հայաստանը չի կարող անընդհատ մարդ արտահանել»,- ասաց նա:
Գուրգեն Արսենյանը անդրադարձավ նաև իր մասին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարություններին և նշեց. «Հրանտ Բագրատյանը խաբեբա է, մանիպուլյատոր է»: