ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ երկկյողմ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ։

Նա նաև նշել է, որ Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկելու են տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցը։

«Վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը և ես ևս մեկ անգամ դեմ առ դեմ քննարկեցինք այս ամենը, մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Հարցերը շատ կարևոր են, զգայուն»,- ասել է Պուտինը՝ հավելելով՝ «Վստահ եմ, որ եթե մենք ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, հասնենք այս հարցերի լուծմանը, ապա դա, անկասկած, օգուտ կբերի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ տարածաշրջանին, որովհետև շատերը հետաքրքրված են այս պետություններով»։

Պուտինը կարծում է, որ դա կնպաստի Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական՝ այդ տարածքում ապրող մարդկանց անվտանգության ապահովման առումով։

Փաշինյանը ևս հայտարարեց տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունն ապաշրջափակելու պատրաստակամության մասին.

«Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, մենք պատրաստ ենք սկսել բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը` ելնելով մեր երկրի ինքնիշխանությունից և իրավասությունից»,- ասաց նա։

Նրա խոսքով, Հայաստանի սահմանային ծառայությունները «պատրաստ են ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների, երկաթուղային համակարգերի բնականոն անցումը Հայաստանի տարածքով»։

Փաշինյանը նաև խոսել է Լաչինի միջանցքի շրջափակման մասին։ «Մենք այսօր բազմիցս խոսել ենք, որ իրավիճակը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լարված է, խոսել ենք, որ չնայած 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված կետերին՝ միջանցքը փակ է։ Իհարկե, ռուս խաղաղապահները օգնում են հումանիտար բեռ տեղափոխելու հարցում, բայց շրջափակումը նույնպես տեղի է ունեցել ռուս խաղապահների ներկայությամբ»,– նշել է ՀՀ վարչապետը։

676