ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 31-ին ընդունել է Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները: Նա առանձնահատուկ ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության դերը` շեշտելով, որ առաջին անգամ հնարավոր դարձավ Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների` Հայաստանի հետ բարեկամական խմբերի պատվիրակության այցելությունը Հայաստան: Կողմերը խոսել են Արգենտինայի հայ համայնքից, որը հատուկ կամուրջ է հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններում: Անդրադարձ է եղել նաեւ Արգենտինայի հետ բազմոլորտ համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը տնտեսական փոխանակումների համար լավ հնարավորություն է ստեղծում նաեւ որպես ԵԱՏՄ անդամ երկիր եւ կարող է լրացուցիչ տարանցիկ կետ հանդիսանալ դեպի եվրասիական շուկա, իսկ ԵԱՏՄ-ՄԵՐԿՈՍՈՒՐ փոխգործակցությունը համագործակցության նոր դռներ կարող է բացել: Զրուցակիցները բարձր են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ` քաղաքական երկխոսության մակարդակը: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով: Նա երախտագիտություն է հայտնել Արգենտինայի Սենատի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող եւ դադարեցնելու կոչ անող հայտարարություն ընդունելու համար: Արգենտինացի գործընկերներն առանցքային են համարել մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը` պատրաստակամություն հայտնելով լիազորությունների շրջանակում նպաստել այդ գործընթացներին: