Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո՛, կարող եմ հաստատել այդ ամսաթիվը։ Իրոք, նոյեմբերի 10-11-ը ռուսական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի և կմասնակցի եռակողմ բանակցություններին»,- լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով համապատասխան տեղեկությունը հաստատելու խնդրանքին։

Կրեմլի ներկայացուցչին նաև հարցրել են՝ արդյոք պետության ղեկավարը նախատեսում է Աբու Դաբի մեկնելուց առաջ հանդիպել ռուսական պատվիրակության անդամների հետ։

«Առայժմ չեմ կարող ասել, հստակ ծրագրեր դեռ չկան։ Սակայն, ընդհանուր առմամբ, ռուսական պատվիրակության գրեթե բոլոր մասնակիցները պարբերաբար զեկուցում են նախագահին ընթացիկ հարցերի վերաբերյալ և համապատասխան հրահանգներ ստանում պետության ղեկավարից»,- պատասխանել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում։

80