
Գյումրիի սելեկցիոն կայանում հունիսի 5-ին բացվեց առաջին տնկարանը և ջերմատունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սելեկցիոն կայանում շուրջ 250 քառակուսի մետր տարածքի վրա կառուցված ջերմատանը, ինչպես նաև 2 հեկտար տարածքի վրա տնկարանում աճեցվում են շուրջ 4 տեսակի ծառատեսակներ, որոնք օգտագործվելու են «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից անտառապատման աշխատանքների ընթացքում։
«Այսօր տնկարանի բացումը համընկնում է հունիսի 5-ի «Բնապահպանության համաշխարհային օրվա» հետ և այս օրը նաև խորհրդանշական է, քանի որ մեր այս ծրագրի բացումը նույնպես կատարել ենք 2021 թվականին հունիսի 5-ին։Ծրագրի մեկնարկից սկսած, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը նոր տնկարան ստեղծելու նպատակով տարբեր աշխատանքներ է իրականացրել, իսկ 2022 թվականից սկսած ակտիվ աշխատանքներ իրականացրեցինք ջերմոցին կից տարածքում՝ հիմնելով տնկարան՝ շուրջ 2 հա տարածքում։ Ինչպես տեսնում եք հիմնում ենք նաև պահեստ, որը ևս ծառայելու է հետագայում բույսերի աճեցմանը»,- ողջունելով ներկաներին նշեց «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանը:
Գյումրու Սելեկցիոն կայանի նորանշանակ տնօրեն Նորիկ Մկրտչյանը շեշտադրեց, որ այս պահին առկա է 100,000 բույս, իսկ արդեն հաջորդ տարի տնկարանը կսկսի վաճառել իր կողմից աճեցրած բույսերը:
«Լավ մեկնարկ է, քանի որ «բնապահպանության համաշխարհային օրը» ներկա ենք Գյումրիում առաջին տնկարանում։ Տնկարան հիմնելու գաղափարը հատկապես Շիրակի մարզում մեծ կարևորություն ունի, քանի որ մարզը աչքի է ընկնում իր սակավանտառ ծածկույթով։ ԵՄ-ի ֆինանսավորմամբ այս ծրագրի շրջանակում ծրագրի սկզբից մինչև հիմա տնկվել է շուրջ 320,000 բույս, ինչպես անտառապատման, այնպես էլ կանաչապատման նպատակով»,-ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլջա Կասմանը:
Պաշտոնական բացման խոսքում Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը ևս կարևորեց Շիրակի մարզում տնկարանային և ջերմատնային տնտեսությունների զարգացման այս ծրագիրը, քանի որ մարզում մեծ դեր և նշանակություն ունի կանաչապատ տարածքների ստեղծումը:
Տնկարանը ստեղծվել է «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար. Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ ԵՄ ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ու «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի գործակցությամբ։