
Ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկօրյա այցը Չինաստան, այն եզրափակվեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններով։
Այս հանդիպումը բավականին խորհրդանշական էր՝ հաշվի առնելով, որ հինգ տարի դադարից հետո Բլինքենը դարձավ ԱՄՆ առաջին պետքարտուղարը, որն այցելեց Չինաստան։ Այս տարիների ընթացքում ԱՄՆ-ում իշխանության եկավ Բայդենը՝ հայտարարելով, որ Չինաստանը ԱՄՆ-ի համար թշնամի չէ, այլ մրցակից, մի շարք համաշխարհային իրադարձություններ տեղի ունեցան, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմը, որոնք աշխարհը ավելի են մոտեցնում նոր աշխարհակարգի ձևավորմանը, որտեղ ԱՄՆ-ն և Չինաստանը հիմնական դերակատարներից են։
Վաշինգտոնը, որ Սառը պատերազմից հետո հեգեմոն դիրքում էր, իր ձեռքն էր վերցրել տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորման, ինչպես նաև իր գաղափարները տարածելու գործը, սակայն Չինաստանը, որը տնտեսապես մրցակից է ԱՄՆ-ին, այսօր նաև մեծ մասնակցություն ունի աշխարհաքաղաքական մի շարք խնդիրների լուծմանը։
Նախ՝ Պեկինը հայտնվեց ամենաբարդ տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում, ինչի արդյունքում Իրանն ու Սաուդյան Արաբիան հարաբերությունների կարգավորման եզրեր գտան, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում սկսեցին անհարթություններ ստեղծվել։ Սրանից բացի, Չինաստանը ներկայացրեց Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խաղաղության ծրագիրը, որը լուրջ արձագանք ստացավ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ եվրոպական այլ երկրներում։
Սա իհարկե, ազդանշան է ԱՄՆ-ին, որ նա ոչ միայն միակ հեգեմոն երկիրը չէ, այլև չի էլ լինի այս դիրքում։ Ուստի Բլինքենի և Ցզինպինի սեղանին բազմաթիվ հարցեր ու քննարկման թեմաներ կային՝ թեկուզ միմյանց խաղաթղթերը բացելու համար։ Նրանց միջև քննարկումը կես ժամից քիչ ավելի տևեց, որից հետո հայտարարվեց որոշակի «առաջընթացի» մասին։ «Երկու կողմերը առաջընթաց են գրանցել և համաձայնության են եկել որոշ կոնկրետ հարցերի շուրջ։ Սա շատ լավ է»,- նշել է նախագահը։
Հանդիպումը նախատեսված էր փետրվարին, սակայն ամերիկյան երկնքում խոցվեց չինական օդապարիկը, ինչը մի քանի ամիս ևս ձգեց հանդիպումը։ Մինչ հանդիպումը կրկին խոսվում էր չեղարկման մասին, ինչպես նաև որոշ աղբյուրներ բացառում էին նրա և նախագահի հանդիպումը, բայց ամեն դեպքում Բլինքենը հասավ Չինաստան։ Այցի առաջին օրը Բլինքենը մի քանի ժամ զրույցներ է ունեցել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգի և Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ։
Երկու երկրների միջև ամենամեծ խնդիրը Թայվանն է, որն ամեն վայրկյան դիվանագիտական պատերազմից կարող է վերաճել զենքերով իրական պատերազմի։ Փելոսիի այցը ինքնին լակմուսի թղթի նման ցույց տվեց այն բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ ԱՄՆ-ի՝ Թայվանի հետ կապված հարցերում։
Սա էլ եղել է Բլինքենի հետ քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Այսպիսով, Վան Յին, ինչպես և սպասվում էր, բարձրացրեց Թայվանի հարցը՝ խորհուրդ տալով Վաշինգտոնին դադարեցնել միջամտությունը ՉԺՀ-ի ներքին գործերին։ «Ազգային միասնության պահպանումը միշտ եղել է Չինաստանի հիմնարար շահերի առանցքը: Փոխզիջումների և զիջումների տեղ չկա»,- ընդգծել է նա։ Ինչ վերաբերում է Բլինքենին, ապա նրա հայտարությունները Թայվանի հարցում բավականին մեղմ են՝ գոնե բառային մակարդակում։
Նա վերահաստատեց «մեկ Չինաստանի» քաղաքականությունը, որը երկար տարիներ վարել է Միացյալ Նահանգները, ինչը նշանակում է, որ կա միայն մեկ չինական կառավարություն, բայց երկու քաղաքական համակարգերը խաղաղ գոյակցում են։
«Այս քաղաքականությունը չի փոխվել»,- ասել է նա՝ հավելելով, որ աջակցում են Թայվանի անկախությանը, իսկ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ ստատուս քվոն փոխվի։ Թայվանի հետ կապված՝ նա նախագահին հիշեցրեց Թայվանի նեղուցում Չինաստանի «սադրիչ գործողությունները»՝ սրա հետ կապելով ԱՄՆ-ի՝ Թայվանին «օգնելու» քաղաքականությունը։
Նախարար Ցինն ասել է, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները գտնվում են վերջին 40 տարում ամենացածր մակարդակի վրա։ Եվ դրա մեղավորը Սպիտակ տունն է՝ իր՝ ՉԺՀ-ին զսպելու քաղաքականությունը։
Նախագահի հետ հանդիպումը և հայտարարությունը ունեին դրական նոտա․ նախ՝ Բլինքենը բացատրել է, որ Բայդենն իրեն խնդրել է գնալ Չինաստան, «որովհետև նա կարծում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը պարտավոր են կառավարել մեր հարաբերությունները պատասխանատու կերպով, դա բխում է երկու երկրների և ամբողջ աշխարհի շահերից»։
Չինաստանի նախագահը հայտարարել է, որ հարգարժան հյուրը «անկեղծ և մանրամասն քննարկումներ» է ունեցել չինացի պաշտոնյաների հետ, նա ասել է, որ կողմերը «առաջընթաց են գրանցել և համաձայնության են եկել որոշ կոնկրետ հարցերի շուրջ»։ «Հուսով եմ, որ պետքարտուղարն այս այցի միջոցով դրական ներդրում կունենա չին-ամերիկյան հարաբերությունների կայունացման գործում»,- ասել է Սին։
Ամեն դեպքում սա լավ հող է պատրաստում Բայդենի և Ցզինպինի հանդիպման համար։ Նրանք վերջին անգամ միմյանց տեսել են անցյալ տարի Բալիում G20-ի գագաթնաժողովում: Ակնկալվում է, որ նախագահները կհանդիպեն նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում՝ Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովին։
Սա ամեն դեպքում փակված դուռ էր, որը ԱՄՆ-ը և Չինաստանը փորձում են բացել։ Ակնհայտ է, որ երկու կողմն էլ ունեն միմյանց հետ բազմաթիվ խնդիրներ, և այս հանդիպումը ավելի բաց «խաղալու» միջոց է։
Չնայած Թայվանի մասին Բլինքենի հայտարարություններին, Վաշինգտոնի զենքի մատակարարումները, ինչպես նաև շփումները Թայվանի հետ ներկայացուցչությունների մակարդակով, որոնք դե ֆակտո կատարում են դիվանագիտական առաքելությունների դերը, շարունակվում են։
Սրան գումարվում է նաև Ամերիկայի գլխավորած երկու տարածաշրջանային դաշինքների՝ AUKUS-ի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա) և QUAD-ի (ԱՄՆ, Ավստրալիա, Հնդկաստան, Ճապոնիա) նպատակը՝ Չինաստանին զսպելը, ինչը ոչ ոք չի հերքում: ԱՄՆ-ի համար խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը մնում է լուրջ հետաքրքրությունների շարքում, և նա կցանկանար այն դարձնել իր ազդեցության գոտի։ Պեկինը սա համարում է անընդունելի։
Մեկ այլ հարց է Ռուսաստանի հետ հարբերությունները, որոնք անհանգստացնում են ԱՄՆ-ին։ Վաշինգտոնը հասկանում է, որ Չինաստանին և Ռուսաստանին «եղբայրական հարաբերությունները» չեն կապում, այլ Չինաստանի ձգտումները՝ նոր աշխարհակարգի մեջ իր մեծ ազդեցությունը ունենալը, իսկ Ռուսաստանը օգտվում է այս փաստից։ Իզուր չէ, որ ամերիկյան ռեալիստների դպրոցը նշում էր, որ ԱՄՆ-ը պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավի ընդդեմ Չինաստանի՝ իր դիրքը պահելու համար, սակայն եղավ հակառակը. ԱՄՆ-ը կտրականապես հարաբերությունները վատացրեց Ռուսաստանի հետ՝ ինչ-որ տեղ օգուտ տալով Չինաստանին։