
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը պատասխանել է լրագրողի հարցին, որը փորձել է ճշտել, թե ինչպես է Պետքարտուղարությունը արձագանքում վերջին մի քանի օրերի ընթացքում սահմանամերձ գոտում կրակոցների հաճախակի դառնալուն, հենց այն ժամանակ, երբ երկրների ԱԳ նախարարները պետք է լինեին ԱՄՆ-ում՝ խաղաղության բանակցություններ վարելու, և ի՞նչ փուլում է նոր հանդիպման կազմակերպումը։
Հարցին ի պատասխան՝ Պատելը նշել է, որ անհամբեր սպասում են Վաշինգտոնում բանակցությունների հերթական փուլին, քանի որ կողմերը կշարունակեն ձգտել խաղաղ ապագայի Հարավային Կովկասի տարածաշրջանում:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղղակի երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է, և շարունակում ենք հավատալ, որ քայլերը, որոնք կարող են լարվածություն առաջացնել, անշուշտ արդյունավետ չեն այս պահին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները տեղի են ունենում տարբեր վայրերում։ Ուստի մենք կշարունակենք դա անել և ակնկալում ենք մոտ ապագայում անցկացնել բանակցությունների հաջորդ փուլը»,- նշել է խոսնակի տեղակալը։
Հարց է ուղղվել նաև Ռուսաստանի այն հայտարարության մասին, որ ԱՄՆ-ն այս միջնորդությամբ ուզում է Մոսկվային դուրս թողնել տարածաշրջանից, որին ի պատասխան՝ Պատելը նշել է, որ եթե Ռուսաստանը հավատում է, որ կարող է կառուցողական դեր ունենալ այս հարցում, իհարկե, ԱՄՆ-ն ողջունում է դա։ «ԱՄՆ-ն կարևոր գործընկեր է այս գործում։ Քարտուղարն անձամբ է զբաղվել այս հարցով․․․ Մենք շարունակում ենք հավատալ, որ այս գործընթացում երկխոսությունը չի կարող փոխարինվել»,- նշել է Պատելը։