Հայ-ադրբեջանական բանակցությունների, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և  այլ արտաքին քաղաքական զարգացումների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

 

- Այսօր ՀՀ վարչապետը հայտարարել է, որ  հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա եռակողմ հանդիպում, ինչո՞վ են պայմանավորված նախապես հայտարարված ժամկետից շուտ բանակցությունները։

- Չեմ կարող ասել, թե ինչը կարող է լինել պատճառ, որ հանիպումը ավելի շուտ կայանա, բայց գլխավոր խնդիրն այն է, թե այդ հանդիպումը ինչ արդյունք կարող է ունենալ, օրինակ, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար, այսինքն՝ Արցախի պաշարման և մարդասիրական աղետը հաղթահարելու համար, սա է գլխավոր հարցը։ Ես այդ տեսանկյունից առանձնապես դրական որևէ հեռանկար չեմ տեսնում Բրյուսելյան այդ ձևաչափի հանդիպումներից, հատկապես Արցախի հանդեպ Ադրբեջանի այդ տեսակի ագրեսիան դադարեցնելու առումով։

- Վերջին օրերին Հայաստանի սահմանի տարբեր ուղղություններով Ադրբեջանը խախտում է հրադադարը, հնարավո՞ր է, որ բանակցությունների ժամանակից շուտ լինելը պայմանավորված լինի լարվածության մեծացմամբ։

- Գուցե, բայց ամբողջ հարցն այն է, թե լարվածության հաղթահարման  ինչ մեխանիզմ է դիտարկվում Բրյուսելում, եթե լարվածության հաղթահարման մեխանիզմ դիտարկվում է  բանակցային հանդիպումը, ապա դա նշանակում է, որ դիտարկվում է Հայաստանի զիջման կամ ադրբեջանական պահանջների հանդեպ Հայաստանի մոտեցումների  ադապտացման ճանապարհով լարվածության  հանգուցալուծումը, որովհետև եթե լարվածության թուլացման այլ մեխանիզմ են պատկերացնում, ապա դա կարելի է անել առանց այդ հանդիպումների։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանն ակնհայտ ճնշում է բանեցնում  Հայաստանի վրա՝ օգտվելով միջազգային այն իրավիճակից, որ կա, և այստեղ հարց է առաջանում՝ եթե բանակցությունն ենք դիտարկում լարվածության թոթափման ճանապարհ, ապա դա նշանակում է, որ Հայաստանից ակնկալվում է ինչ-որ կերպ Ադրբեջանին բավարարող վարքագիծ դրսեւորել, որպեսզի լարվածությունը լիցքաթափվի․ սա ոչ թե լարվածության լիցքաթափման ճանապարհ է, այլ պարզապես Հայաստանին անկյուն կամ ծուղակ գցելու ճանապարհ։

- Ի՞նչ վարքագծի մասին է խոսքը, որ ակնկալում են Հայաստանից։

- Որպեսզի Հայաստանը ավելի լոյալ լինի  Ադրբեջանի մոտեցումների հանդեպ։ Ես կրկնում եմ՝ եթե մենք բանակցությունն ենք դիտարկում լարվածության հաղթահարման ճանապարհ, որովհետև եթե լարվածության հաղթահարման ճանապարհը այդ տրամաբանությամբ չենք դիտարկում, ապա պետք է շատ պարզ մի բան անել՝ Ադրբեջանին ասել, որ ուժի կիրառման ճանապարհը կամ քաղաքականությունը ի վերջո կունենա միջազգային արձագանք որևէ պատասխանատվության տեսքով։ Եթե  մենք տեսնում ենք բանակցելով լիցքաթափելը, ապա դա նշանակում է, որ Հայաստանից ակնկալում են այնպիսի վարքագիծ, որ Ադրբեջանին բավարարի և չգնա լարվածությունը մեծացնելուն։ Եթե Բրյուսելը ասում է եկեք բանակցենք, որովհետև լարվածություն կա, ապա նախ Ադրբեջանին պետք է ասի՝ մի կրակի, որպեսզի բանակցություն լինի․ եթե Ադրբեջանը կրակում է, բայց այդ ակնհայտ ագրեսիան չի արժանանում հասցեական արձագանքի, այլ դրա հաղթահարման կամ կայունության ճանապարհ է դիտարկվում բանակցությունը, ապա դա կարող է կարճաժամկետ էֆեկտ ունենալ, բայց դա հիմնված է լինելու նրա վրա, որ Հայաստանից ակնկալվի վարքագիծ, որ կհուսադրի Ադրբեջանին։ Սա ես համարում եմ վտանգավոր մոտեցում, եթե գործ ունենք դրա հետ։ Քանի դեռ տեսնում ենք միջազգային լռություն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հանդեպ՝ իմ մոտ առաջանում է մտավախություն, որ մենք գործ ունենք վտանգավոր մոտեցման հետ, որի մասին արդեն նշեցի։

- ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ հեռախոսազրույցում կարևորել է քննարկումներում ստեղծարար մոտեցման, ճկունության և փոխզիջման անհրաժեշտությունը․ ի՞նչ հասկանանք սրանից։

- Ըստ ամենայնի` հետևյալի մասին է խոսքը. Հայաստանը բավական զիջողական հռետորաբանություն է կիրառում արդեն երկար ժամանակ․ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտարարություններ են արվում անկլավների վերաբերյալ և այլն, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի վարքագիծը և մոտեցումները դրանից որևէ կերպ չեն փոխվում, վերջինս շարունակում է պնդել իր պայմանները, և այդ տեսանկյունից միջնորդների համար անհնարին է դառնում որևէ առարկայական առաջընթացը բանակցություններում։

-  ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը սկսել է ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում ինտենսիվ քննարկումներ․ իրական հնարավորություն կա՞  արդյոք ԱՄՆ-ի հետ զարգացնելու անվտանգային փոխգործակցությունը։

- Գործնական առումով էական առաջընթաց ես կարծում եմ կարող է տեղի ունենալ երկու պարագայում՝ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման կամ կարգավորման ուղղությամբ էական առաջընթացի պայմաններում և հայ-թուրքայան հարաբերությունների  կարգավորման դեպքում։ Պետք է նկատել, որ վաղուց ԱՄՆ-ի հետ կա անվտանգության ոլորտում համագործակցություն, օրինակ՝ Հայաստանի ՊՆ-ի և ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի ուղղությամբ գործակցությունը մոտ երկու տասնամյակ է։ Եթե խոսում ենք որակապես նոր մակարդակի մասին, ապա դրա իրատեսականությունը ես պայմանավորում եմ միայն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորումներով ու  խոշոր հաշվով Վաշինգտոնը  այդ մասին բավական բաց է խոսում, որովհետև կա հետևյալ խնդիրը․ եթե լինում է հարաբերությունների որակապես այլ մակարդակ՝ առանց այդ կարգավորումների, ապա սա նշանակում է, որ ԱՄՆ-ն պետք է բավարարի Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքների դեմ Հայաստանի ակնկալիքները, դա էլ իր հերթին նշանակում է, ինչը տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ անել և ավելին՝ էական շահեր ունեն թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ․ այո Հայաստանի հետ աշխատում են, բայց դրանից  չի նվազում Ադրբեջանի և Թուրքիայի կարևորությունը, հետևաբար եթե նույնիսկ որակապես ավելի բարձր գործակցության մասին խոսք գնում է, ապա վստահաբար դա կապակցվում է հայ-ադրբեջանական բանակցությունների հետ։ Ես շատ եմ կարևորում հայ-ամերիկյան  երկկողմ գործակցությունը և կարծում եմ՝  առանցքային է հենց երկկողմ գործակցությունը ոչ թե ԱՄՆ-ի ներքո բանակցությունները, բայց ԱՄՆ-ն բավական թափանցիկ ցույց է տվել հայ-ամերիկյան անվտանգային հարաբերությունների զարգացման հեռանկարը։

 

Գեղամ Ադյան

1755