
Araratnews.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
- Պարոն Ղեւոնդյան, Արցախում իրավիճակը շարունակում է է´լ ավելի սրվել, այսօր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ԼՂ-ում արդեն արձանագրվել են երեխաների` սովից մահվան դեպքեր, բայց միջազգային լուրջ արձագանք կարծես թե չկա, չկան Ադրբեջանի գործողությունները դատապարտող կոշտ հայտարարություններ, ինչու՞ և ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը։
-Իրավիճակի հանգուցալուծումը մեկ գործոնով պայմանավորված չէ․ այստեղ անհրաժեշտ է անընդհատ ավելացնել ճնշումը տարբեր կողմերից, ինչը փորձում է անել Հայաստանը, և Արցախն էլ իր գործողություններով որոշ չափով նպաստում է դրան։ Անհրաժեշտ է փորձել անընդհատ կապիտալիզացնել այն իրավիճակը, որը գոյություն ունի, և ես ողջունում եմ Հատուկ հանձնարարություններով դեսպանի հայտարարությունը, նման հայտարարություն պետք է անի նաև ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը։ Շատ ավելի կարևոր և անհրաժեշտ է, որպեսզի Արցախի նախագահի` Շառլ Միշելին գրած նամակը մեկանգամյա ակցիա չլինի. անընդհատ, ամեն օր պետք է Արցախի նախագահը և այլ պաշտոնյաներ ուժային կենտրոններին նամակներ հղեն, անընդհատ ներկայացնեն իրավիճակը, փորձեն այդպիսով ճնշումը ավելի մեծացնել, որպեսզի, ի վերջո, Ադրբեջանը տեղի տա։ Սա պայքար է՝ թե ժամանակի մեջ ով ավելի երկար կկարողանա դիմակայել, և անհրաժեշտ է հաղթել այդ պայքարում։
-Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը նշել էր Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես Աղդամի ուղղությամբ մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար, բայց այսօր Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի․ կարծես թե Կլաարը որոշակիորեն արդարացնող հայտարարություն է արել։
-Այս առումով շատ տեղին է և ռացիոնալ Սամվել Բաբայանի նախօրեին հարցազրույցում արտահայտած միտքը՝ Արցախին անհրաժեշտ չէ հումանիտար կամ մարդասիրական օգնություն, Արցախին անհրաժեշտ են բաց ենթակառուցվածքներ և նորմալ առևտուր։ Արցախը կարող է գնել այն, ինչ իրեն անհրաժեշտ է և դրանք կարող են գնել թե՛ Բերձորի միջանցքով, թե՛ Աղդամի ճանապարհով Ադրբեջանից․ այստեղ խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել Աղդամի ճանապարհը, որպես հումանիտար մարդասիրական օգնության համար փոխադրումների իրականացման վայր, ինչը իհարկե հետո կփորձի կապիտալիզացնել վերաինտեգրման տրամաբանությունում, ինչին շատ լավ կլիներ, որ ոչ թե Սամվել Բաբայանը, այլ Արցախի իշխանությունները պատասխանեին, որ իրենք պատրաստ են այդ ճանապարհով գնել այն, ինչ իրենց պետք է, բայց զուգահեռաբար նաև բաց լինի Բերձորի միջանցքը և համեմատեն, տեսնեն` որտեղ է ավելի էժան, որտեղ է ավելի ձեռնտու, և առևտուր անեն տարբեր ուղղություններով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Ես կարծում եմ այդտեղ որևէ վտանգ կամ անհանգստացնող բան չկա։
-Բայց Ադրբեջանից առևտորը արդյոք չի՞ նշանակի Բաքվի պայմանները ընդունել։
-Ես չեմ կարծում, որ եթե որևէ սուբյեկտ առևտուր է անում այլ սուբյեկտի հետ՝ դա նշանակում է, որ ընդունում է վերաինտեգրման պայման կամ Ադրբեջանի կազմում լինելու պայման։ Մեկը մյուսի հետ պետք չէ կապել։ Կարելի է առևտուր անել ցանկացած երկրի հետ, բայց նաև բանակցել այդ երկրի հետ սեփական իրավունքների, անվտանգության, այդ թվում՝ սեփական ինքնորոշման խնդիրների շուրջ։
-Պարոն Ղևոնդյան, մենք չենք տեսնում սփյուռքի հայկական կազմակերպությունների ակտիվությունը, կարծես թե անտարբերություն կա Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ։
-Սփյուռքում ամենագործուն հայկական կառույցը՝ «Հայ Յեղափոխական դաշնակցություն»-ն է, որը փորձ ունի նմանատիպ ակցիաներ կազմակերպելու։ Սակայն այս պահին զբաղված է Հայաստանի իշխանություններին քննադատելով և փորձում է Հայաստանի ներսում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ սեփական տեսակետին համապատասխան դիրքավորում ունենալ։ Դաշնակցությունն այդ գործողությունը չի կատարում, մենք էլ չունենք այլ ավելի կազմակերպված կառույցներ, որոնք կարող էին այդ գործը վերցնել իրենց վրա։ Այստեղ իհարկե կա Հայաստանի 30 տարվա բոլոր իշխանությունների թերացումը։
-Գրեթե ամեն օր սահմանային միջադեպերի մասին է հաղորդվում երկու կողմից, որքանո՞վ է հավանական Հայաստանի ուղղությամբ իրավիճակի լարումը։
-Այստեղ որևէ նորություն չկա․ սադրանքներն արդեն դարձել են առօրյայի մի մաս, այդ թվում՝ դրանց նախապատրաստումը, իրականացումը, հետևանքները, կապիտալիզացումը և երկկողմանի մեղադրանքները։ Պետք է սովորենք այդ պայմաններում ապրել և պետք է պատրաստ լինենք սադրանքներին համապատասխան արձագանքել, ուրիշ կարճաժամկետ ապագա մենք չունենք։
Գեղամ Ադյան