Araratnews.am-ը Արցախում ստեղծված հումանիտար բարդ իրավիճակի շուրջ զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի հետ։

 

- Պարոն Սաֆարյան, թվում էր միջազգային հանրության հայտրարությունների ճնշման տակ Ադրբեջանը  կգնա զիջման՝ թույլ տալով հումանիտար բեռը անցկացնել, բայց եղավ հակառակը՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին ձերբակալեցին։

- Չէր թվում, ես չեմ կարծում հայկական կողմը այդքան նաիվ էր մոտենում, իշխանության փոխարեն չեմ կարող խոսել, պարզապես դա այն եզակի քաղաքական քայլերից մեկն էր, որը պիտի արվեր, որովհետև, ըստ էության, Ադրբեջանը փորձում է ուղղակի վերացնել Լաչինի միջանցք հասկացությունը, որը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, և Ադրբեջանը գիտակցում է, որ դա որոշակիորեն օտարում է Լաչինի տարածքը իրենից և հենց դրա համար էլ այս ամեն ինչը կազմակերպել են, որպեսզի փակվի Լաչինի միջանցք հասկացությունը ընդհանրապես և հետևաբար նաև Լեռնային Ղարաբաղի  կոնցեպտը նույնպես, որոնք երկուսն էլ հավասարապես որպես կոմպոնենտներ առկա են եռակողմ հայտարարության մեջ։ Հիմա այս կտրվածքով ես չեմ կարծում, թե հայկական կողմը միամտորեն ակնկալում էր, որ թեկուզ դեսպանների ուղեկցությամբ կամ որևէ այլ կերպ միջանցքը կբացվի։ Այլ բան է, որ այս ամբողջը կարող է և պետք է օգտագործվի Լաչինի միջանցքի շուրջ և նաև Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի կապակցությամբ Հայաստանը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որովհետև մենք արդեն ունենք բավարար թվով դիրքորոշումներ  այս կապակցությամբ, ունենք Հաագայի միջազգային դատարանի որոշում և պետք է ճնշումները մեծացնել՝ հասնելով նրան, որ  միջազգային փաստահավաք խումբ ուղարկվի Արցախ։

- Բայց կոնկրետ անձի ձերբակալությունը ի՞նչ նպատակ է հետապնդում, փորձում են ցույց տալ, որ իրե՞նք են միջանցքում որոշումներ կայացնում։

- Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ձեռնոց է նետել ինչպես նկարագրեցիք, որ «քանի որ  դա միջազգայնորեն ճանաչված իմ տարածքն է՝ ես իրավունք ունեմ և՛ ստուգումներ իրականացնելու, և՛ նաև ձերբակալություններ իրականացնելու» այն անձանց, որոնք այսպես ասած չակերտավոր կասկածվում են հանցագործության մեջ։ Բայց եկեք հասկանանք, որ դրա նպատակը Արցախում վախի սփռումն է, որովհետև այսօր եթե որևէ  գործոն խոչընդոտում է Ադրբեջանին կլանել, ոչնչացնել Լեռնային Ղարաբաղը՝ դա այնտեղ ապրող հայության գործոնն է, հետևաբար Բաքուն գիտի, որ կոտորել թույլատրված չէ իրեն, դա պատերազմական հանցագործություն է, ներխուժել նույնպես, որովհետև եթե անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությունը իրականության մեջ չի գործում՝ գոնե թղթի վրա այն կա, իսկ այդտեղ Լաչինը ռուսական խաղաղապահ առաքելության պահպանության գոտի է և իրեն այս պահի դրությամբ մնացել է մի տարբերակ՝ դա վախի մթնոլորտն է, որպեսզի այնտեղ ինքնապաշտպանությանը մասնակցած բոլոր անձինք, իսկ այդպիսիք են ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ուղղակի ձերբակալության վախից դրդված իրենց ընտանիքներով Արցախից հեռանան, այսինքն՝ հայաթափման խնդիր է ուզում լուծել և այս ազդակը պետք է հասցնել միջազգային կառույցներին և հանրությանը։

- Պետքարտուղար Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել  է այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջման անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական մատակարարումները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը։

- Մենք կարող ենք ենթադրություններ անել, որ խոսքը վերաբերում է Աղդամի ուղղությանը, որովհետև Ադրբեջանը շատ լայնորեն պրոպագանդեց այդ ճանապարհը որպես իր կողմից ԼՂ  ժողովրդին առաջարկվող տարբերակ, բայց ես չեմ կարող ավել բան ասել, բայց մի բան տեսանելի է, որ միջազգային հանրությունը Ալիևի արձագանքը ընդունում է ուղղակի ի գիտություն, որովհետև բոլորն էլ գիտեն, որ Լաչինի միջանցքը պետք է գործի։

- Տեղեկություններ կան, որ ԱՄՆ միջնորդությամբ հնարավոր է բանակցություններ անցկացվեն ԼՂ-ի և Ադրբեջանի միջև։

- Մենք էլ ունենք նման տեղեկություններ, որովհետև դա նոր պրոցես չէ․ դա մեկ անգամ արդեն պետք է տեղի ունեցած լիներ, բայց չի եղել։ Ես կարծում եմ, որ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը քայլ է Բաքվի կողմից, որով փորձում են Արցախի վրա թողնել պատասխանատվություն չմասնակցության, որովհետև Ադրբեջանն ինքը շահագրգռված չէ այլ երկրների մայրաքաղաքներում խոսել արցախցիների հետ։ Հետևաբար ես կարծում եմ, որ կա նման բան և Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո ես գրեցի, որ պատասխանատվությունը Արցախի վրա է թողնվելու, քանի որ էմոցիոնալ դաշտում հայկական կողմը պիտի ասի մենք պատանդ հերիք չէ, մեր բնակիչը առևանգվել է, հետևաբար ինչ երկխոսություն մեր պատանդառուի հետ, ինչում իրենք իհարկե իրավացի են, բայց դա հենց այն է, ինչ Ադրբեջանն ուզում է, որովհետև ինքը չի ուզում ասել ոչ, քանի որ ուզում է ցույց տալ, որ միշտ պատրաստ է երկխոսության, իսկ հայկական կողմը մերժում է առաջարկները։

- Պարոն Սաֆարյան, մենք չենք տեսնում ռուսական կողմի որևէ արձագանք տեղի ունեցողին, ինչո՞ւ։

- Ես կարծում եմ տեղի ունեցողը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ ՌԴ-ն նույնպես իր շահերն ունի և ուզում է հայկական կողմի վրա ճնշումները Արցախի միջոցով հասցնել առավելագույնի, որպեսզի Հայաստանը համաձայնվի արտատարածքային միջանցք տալուն, բայց Հայաստանը հայտարարել է, որ դա չի անելու և նման պարտավորություն չունի։ Ռուսաստանը եթե շատ ցանկանար  խուսափել այս  իրավիճակից և ամրագրված լիներ իր խաղաղապահների ներկայությունը Արցախում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում դեմ չէր լինի հայտարարության տեքստին, որ պետք է ընդունվեր անցած տարի։ ՌԴ-ն դա չի արել և այսօր իբրև թե իրեն դրել է անելանելի վիճակում գտնվողի տեղ, պարզ է, որ դա այդքան էլ այդպես չէ։ ՌԴ-ն ուզում է, որպեսզի Արցախի միջոցով առավելագույն ճնշումներ գործադրվեն Հայաստանի վրա, որովհետև այլ լծակներ չեն աշխատել մինչև հիմա։

- Իսկ եթե Ռուսաստանի դիրքորոշումը նույնը լինի, եթե Հայաստանը կրկին դիմի ՄԱԿ-ի ԱԽ։

- Դժվարանում եմ ասել, հիմա արդեն այն վիճակն է, որ եթե Ռուսաստանը փորձի դա անել՝ պետք է գնա որևէ այլ ճանապարհով, որովհետև եթե ռուս խաղաղապահներն ուզում են այնտեղ մնալ պատանդ՝ կարող են հանձնվել Ալիևին, բայց Արցախը չի կարող հանձնվել։

 

Գեղամ Ադյան

1740