
Araratnews.am-ը ներքին և արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։
- Պարոն Սուքիասյան, երեկ մի խումբ անձինք Կառավարության շենքի դիմաց պահանջում էին իշխանություններից գործուն քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, պահանջից բացի՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ նրանք ներկայանում են ինչ-որ անհայտ ջոկատից և զինվորական հագուստ կրում։
- Պետությունը ունի արտաքին քաղաքականություն, ճիշտ է, սխալ է, համաձայն ենք, թե ոչ՝ դա թողնում ենք մի կողմ։ Բոլոր տեղերում պետության քաղաքականությունը սաբոտաժի է ենթարկվում։ Հայաստանում հայրենասիրության քողի տակ անցկացվում է հայաքվե, որը հավաքել է իրենց ցանկալի մարդկանց անհրաժեշտ քանակը․ ես իշխանությանը ասել եմ ու հիմա էլ զգուշացնում եմ՝ այդ խմբավորման նպատակը օրենքը անցկացնելը չէ, իրենց նպատակը եղել է 50 հազար մարդ մոբիլիզացնելը, իրենք փողոցով գնալու են հեղաշրջման՝ սա մեկ, երկրորդը, խորհրդարանում կա ռևանշիզմ՝ ընդդիմություն անունով, որոնք գիշեր-ցերեկ պետության արտաքին քաղաքականությունը սաբոտաժի են ենթարկում։ Երեկ ինչ-որ մարդիկ փողոց էին դուրս եկել ինչ-որ զինվորական հագուստներով և պահանջներ էին ներկայացրել։ Ես ուզում եմ իրենց ասել, որ իրենք միջպետական հարաբերությունների մեջ են մտել, եթե իրենք Գերմանիայում լինեին՝ հիմա հավաքել-լցրել էին կոնցլագերը, բայց քանի որ մեր իշխանությունը որոշել է, որ դեմոկրատիան պետք է լինի բառացի՝ ինչպես հասկանում ենք, հետևաբար Հայաստանում այդպիսի խմբավորումներ շատ կան։ Ովքեր հիմա Հայաստանին դրդում են ռազմական ճանապարհով միջանցքը բացելու՝ սպասարկում են ռուս-թուրքական օրակարգը, որովհետև իրենց նպատակն է Հայաստանը վերջնականորեն քաշել պատերազմի մեջ։ Կա պետության արտաքին քաղաքականություն, որի հետ ես գրեթե ամբողջովին համաձայն եմ, և դուք, երբ ինչ-որ բան եք առաջարկում՝ պետք է առաջարկեք պետության արտաքին քաղաքականության ուղղությունների շրջանակներում, ոչ թե դրան բացարձակորեն հակառակ։
- Արդեն այսօր վերջիններս Կոռնիձորում են․ պնդում են, որ իրենց միանալու փոխարեն հայկական կողմից զենքով փակել են ճանապարհը։
- Պետությունը վատ թե լավ, բայց բանակ ունի, բայց այս մարդիկ ֆիդայականությունից դուրս չեն գալիս։ Սա ֆիդայական կռիվ չի։ Ես գիտեմ, որ մեր բանակը ինչ-որ չափով կազդուրվել է, և մեր պետությունը եթե ուզենա, բանակով դա կբացի։ Եթե պետությունը դա չի անում, ապա 5-10 հոգի ավտոմատով ի՞նչ են անելու, բայց պարզ է, որ դա չէ նպատակը, հավանաբար Ռուսաստանից հրահանգ են ստացել կամ ոգեշնչված են ռուսական աղտեղություններով՝ Հայաստանին անընդհատ քաշել կոնֆլիկտի մեջ, որի տակից այս պետությունը դուրս չի գալու։ Հետևապես այն, ինչ որ իրենք անում են՝ թող հանրության վրա չծախեն որպես հայրենասիրություն։ Եթե ես լինեի իշխանության՝ իրենք չէին հասնի Կոռնիձոր, բայց մեր իշխանությունը որոշել է, որ դեմոկրատ է ու թույլ է տվել, որ հասնեն Կոռնիձոր ու լավ են արել՝ փակել են ճանապարհը։ Պետության մեջ պետք է իրավակարգ լինի, ոչ թե ինչ-որ մարդիկ անընդհատ միջպետական հարաբերություններում վատթարագույն իրավիճակ ստեղծեն Հայաստանի համար։
- Հեղաշրջման մասին խոսեցիք․ ի՞նչ կապ կա խորհրդարական ընդդիմության և կատարվողի միջև։
- Այս բոլորը, որտեղ որ Հայաստանի ներսում կան կոնֆլիկտի բացիլներ, պետության քաղաքականության սաբոտաժ, պետության կյանքի մխտռում՝ բոլորը սպասարկում են մի բան՝ իբր այս իշխանությունը հակապետական է, և պետք է բացել միջանցքը։ Ոչ մեկը թող ինձնից շատ հայրենասեր չլինի, բայց ես պետության քաղաքականությունը պաշտպանում եմ․ բոլոր տեղերում, խորհրդարանից սկսած, ռևանշիզմ է, որը սաբոտաժի է ենթարկում պետության քաղաքականությունը։ Ռևանշիզմի ուժերից մեկը՝ դաշնակցությունը, Ֆրանսիայում մի այլանդակ տեղեկատվություն էր տարածել Մակրոնի հետ կապված։ Այսինքն՝ բոլոր տեղերում վնասում են պետությանը, նաև ներսում քայքայիչ աշխատանք են տանում՝ կոնֆլիկտածին բացիլներ ստեղծելով և դրանց նպատակը միավորվելն է, իսկ կուլմինացիան հայաքվեն է, որը ռուսաքվե է։ Այս մարդկանց նպատակը, կրկնում եմ, օրենքը անցկացնելը չէ, իրենք դրա վրա թքած ունեն, իրենց նպատակը եղել է 50 հազար մարդ արագ մոբիլիզացնելը և երբ օրենքը չանցնի՝ իհարկե դիմելու են այդ 50 հազար մարդուն, դուրս են գալու փողոց և գնան հեղաշրջման, իսկ ռևանշիստական ուժերը շատ արագ կանգնելու են իրենց կողքին։ Ես իշխանությունից պահանջում եմ՝ պետության մեջ պետք է իրավակարգ լինի և իրավական պետությունը ցանկացածի գանգին պիտի իջնի, ով պետության արտաքին քաղաքականության կամ ներքին քաղաքականության դեմ գործողություններ կանի։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ բոլոր այդ ուժերի ասածների մեջ Հայաստան կամ Արցախ չկա, բոլորը սպասարկում են մեկ բանի՝ թույլ չտալ Հայաստանին անկախ լինել, որովհետև վարակված են ռուսական աղբով։ Ես պահանջում եմ իշխանություններից՝ մուրճը պետք է ցանկացածի գանգին իջնի, ովքեր կգնան հեղաշրջման փորձի։
- Դաշնակցությունն այսօր սփյուռքում պասիվ է, որևէ երկրում Ադրբեջանի դեսպանատան մոտ անգամ փոքր բողոքի ակցիաներ չկան, ինչո՞վ է դա պայմանավորված։
- Եթե անեն՝ կլինեն նորմալ ազգային կառույց, բայց այդ մարդիկ դադարել են ազգային կառույց լինելուց։ Ամեն դեպքում, կարող է, ՀՅԴ-ում ազնիվ մարդիկ լինեն, բայց բյուրոն ինքը ռևանշիստական է և սպասարկում է բացառապես ՀՀ-ի դեմ օրակարգերը և դրանք բոլորը ՌԴ-ից սնվող օրակարգեր են։ Դաշնակցությունը կոնստրուկտիվ գործի մեջ զրո է, շատ ուժեղ են դեստրուկտիվ աշխատանքի մեջ և հենց հիմա բոլոր տեղերում մխտռում են պետության իմիջը, արտաքին քաղաքականությունը։ Վաղը, մյուս օրը Մակրոնին ասելու են՝ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ախպերն է, գործ չունեք, Պուտինն իսկական հայ է, և սրանք քայքայիչ խմբակներ են, որոնց նպատակը, նաև հավանաբար՝ ղարաբաղյան կլանի ղեկավարությամբ, պետության անկախության դեմ պայքար են սկսել․ ժողովրդից պահանջում եմ լինել իմաստուն՝ ինչպես նոյեմբերի 9-ից հետո, չտրվել սադրանքներին։
Գեղամ Ադյան