Յուրաքանչյուր երկուշաբթի Araratnews.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում անցած շաբաթվա ընթացքում հնչած ստերը` բերելով հակափաստարկներ ու ապացույցներ:

 

Եվ այսպես`  անդրադարձել ենք մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե իբր նախորդ շաբաթ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը բազմամարդ միջոցառում է կազմակերպել, ՀՀ վարչապետի ավագ դստեր անվան հետ կապված լուրերին, թե իբր նա ընկերների հետ բազմամարդ վայրերում ժամանակ է անցկացնում համավարակի օրերին: Անդրադարձել ենք նաև գրականության նոր չափորոշիչների շուրջ բարձրացած աղմուկին ու տարածվող ապատեղեկատվությանը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարություններին, թե իբր հեղափոխությունից հետո Հայաստանում մենաշնորհներն ավելացել են, թե իբր նոր իշխանությունը հիմնված է քավոր-սանիկական կապերի վրա, և իբր, թե այս իշխանություններն իրենց սխալները չեն ընդունում:

 

#սուտ

 

Անցած շաբաթ մամուլում լուրեր տարածվեցին, թե իբր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը բազմամարդ միջոցառում է կազմակերպել:

 

#ճիշտ

 

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստահոդ է համարում տարածված լուրը, թե ինքը բազմամարդ խնջույք է կազմակերպել։ Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի»,- մասնավորապես գրել է մարզպետը:

 

#սուտ

 

Բազմամարդ միջոցառումներին մասնակցելու մասին ստահոդ տեղեկությունների շարքից էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր` Մարիամի մասնակացությունը նմանօրինակ միջոցառումների:

 

#ճիշտ

 

Այս առնչությամբ Մարիամ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում էր. «Քանի որ կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել. մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել, մարդաշատ վայրերում (տներ, խանութներ) չեմ եղել, դիմակ եմ կրել և անընդհատ ախտահանվել եմ: Նաև վարակակիր եմ եղել, չեմ իմացել այդ մասին, բայց բարեբախտաբար ոչ ոքի չեմ փոխանցել վարակը: Սա նաև կանոնները խիստ պահելու արդյունք է և ապացույց, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակի տարածումը,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր Մարիամը, ապա հավելել.- Կանոնները պահպանել եմ ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել եմ ընտանիքիս, հարազատներիս ու հայրենակիցներիս համաճարակից պաշտպանելու համար:

Ու խնդրում եմ, դուք էլ հետևեք բոլոր հակահամաճարակային կանոններին, քանի որ միայն անհատական պատասխանատվության դեպքում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը»:

 

#սուտ

 

Անցնող շաբաթվա թոփ քննարկման թեման կրթության նոր չափորոշիչներն էին, հատկապես գրականություն առարկայի հետ կապված աղմուկը և սրա շուրջ տարածվող  ապատեղեկատվությունը: Մամուլում և սոցցանցերում լուրեր տարածվեցին, թե իբր գրականություն առարկայից հանվում են Նարեկացին, Խորենացին, ինչպես նաև «հայ» բառը առարկայից, և նմանատիպ տեղեկություններ:

 

#ճիշտ

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացնում է, թե ինչ դպրոցում են սովորելու մեր աշակերտները` հատ-հատ անդրադառնալով սոցցանցերում այս օրերին տարածվող ապատեղեկատվությանը։

 Նարեկացին, Խորենացին և մյուս դասականները գրականության ծրագրերից դուրս չեն մնացել։ Միջնադարյան գրականությունն ընդգրկված է 9-րդ դասարանի ծրագրում, «հայ» բառը որևէ մեկը հանելու միտում չունի։

 Արդյո՞ք ժամանակը չէ հրաժարվել մեխանիկական և կեղծ պատկերացումներից, չե՞նք տեսնում, որ մեր երեխաները չեն ուզում դպրոց գնալ:

 Մենք կարծես ունեինք մեր երազանքի դպրոցը, իսկ հիմա, երբ փորձում ենք փոխել ու գալ դրան, ասում են՝ կկործանենք:

 Մենք ներդնում ենք նոր առարկա` (5-6-րդ դասարանում) «Ես և իմ հայրենիքը», որն ամբողջությամբ ուղղված է ինքնության ձևավորմանն ու սովորողի արժեքների ամրապնդմանը:

Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր` մի խոսքով՝ նպաստում ենք հանրակրթության բովանդակության փոփոխություններին, որովհետև մանիպուլյացիան չի անցնելու:

 

#սուտ

 

Անցնող շաբաթվա ստերից էր Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե նոր իշխանության օրոք մենաշնորհները շատացել են, թե նոր իշխանությունը հիմնված է քավոր-սանիկական կապերի վրա, ինչպես նաև, թե իբր նոր իշխանությունները չեն ընդունում իրենց սխալները:

 

#ճիշտ

 

Քոչարյանի այս հայտարարություններին անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Անկախ պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Քոչարյանը բացահայտորեն ստում է`ասելով, թե նոր իշխանությունների օրոք մենաշնորհները շատացել են:

«Քոչարյանը բացահայտորեն ստում է՝ ասելով, թե նոր իշխանության օրոք Հայաստանում մենաշնորհներն ավելացել են։ Այո, Հայաստանում դեռևս կան մենաշնորհային ոլորտներ ու մենաշնորհ ունեցող ընկերություններ, որոնք, սակայն, Քոչարյանի, իսկ նրանից հետո՝ Սերժ Սարգսյանի թողած անփառունակ ժառանգությունն են։ Բայց ասել, թե անցած երկու տարիներին մենաշնորհներն ավելացել են, նշանակում է ուղղակիորեն հիմարացնել մարդկանց»։

 

Իսկ նոր իշխանության քավոր-սանիկական կապերի առնչությամբ Բաբաջանյանը գրել է. «Ռոբերտ Քոչարյանը խոսում է այսօրվա իշխանության կազմում քավոր–սանիկական կապերի, բարեկամական հարաբերություններով խորհրդարանի ձևավորման մասին, այն դեպքում, երբ իր իսկ իշխանությունը 100 տոկոսով հիմնված էր մարդկանց ծագումնաբանության վրա՝ իշխանության մեջ տեղ ու առաջխաղացման հնարավարություն ունեին միայն ու բացառապես ղարաբաղյան ծագում ունեցողներն ու նրանց հետ փոխկապակացված անձիք»:

 

Ինչ վերաբերում է Քոչարյանի մյուս հայտարարությանը, թե իբր այս իշխանություններն իրենց սխալները չեն ընդունում, պետք է նկատենց, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ այս իշխանությունը ընդունում է իր սխալները: Ավելին` վարչապետը խոստացել է անդրադառնալ սխալներին և ըստ անհրաժեշտության կատարել շտկումներ:

 

Անցնող շաբաթվա ստերից առանձնացրել էինք այսքանը: Araratnews.am-ը շարունակում է հետևել մամաուլում և սոցիալական հարթականերում տարածվող տեղեկություններին: Ստահոդ ցանկացած տեղեկատվություն իր հակափաստարկով ներկայացվում է ընթերցողների ուշադրությանը: Առողջ եղեք...

 

Հայկ Մագոյան

 

 

 

 

 

 

 

280555