
ԵՄ-ն և ԱՄՆ-ն իրենց դժգոհությունն են հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ արտասահմանում բելառուսներին անձնագրերի տրամադրումն արգելող հրամանագրի առնչությամբ։ Համապատասխան հայտարարություններով հանդես են եկել Պետդեպարտամենտի և Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչները։
ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ նման հրամանագիրը «վերջինն է բելառուսական ռեժիմի կողմից իր ժողովրդի հանդեպ իր հիմնարար պարտավորությունների ցինիկ մերժումների երկար շարքից»: Նշվում է, որ փաստաթղթի միակ նպատակն է «դժվարացնել արտերկրում ապրող հասարակ բելառուսների կյանքը», և այն ներկայացնում է «ճնշման ևս մեկ ձև հազարավոր բելառուսների դեմ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները ռեպրեսիաներից խուսափելու համար»:
«Միացյալ Նահանգները շարունակում է սերտորեն խորհրդակցել մեր եվրոպացի դաշնակիցների և Բելառուսի դեմոկրատական ուժերի հետ՝ Սվետլանա Տիխանովսկայայի գլխավորությամբ՝ այս պատժիչ հրամանից տուժած արտերկրում գտնվող բելառուսներին օգնելու ուղիների շուրջ»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: