Նվարդ Սահրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Երանի՜ նորից մանուկ լինեինք, երանի՜ ամենավտանգավոր խաղը «գանձեր որոնելը» լիներ, երանի՜ մեր մանկության քառյակը եռյակ չդառնար․․․

 

Ես կյանքս կտամ հանուն ձեր կյանքի, ժպիտս կտամ, որ դուք հար ժպտաք, իմ բաժին լույսն էլ ես ձեզ կբաշխեմ, որ ես լույս դառնամ ու երկինք հասնեմ: Սիրում եմ կյանքը, սիրում եմ և ձեզ, սիրում եմ հողը հայոց աշխարհի, հանուն այդ հողի հոգիս տվեցի, որ իմ երկիրը էլ ցավ չտեսնի: Հերոս է ամեն-ամեն ազգասեր, հերոս է նաև ամեն մարդասեր, ով դեմ է առնում ահեղ փոթորկին, որ սարսուռ չզգա հայրենյաց հոգին: Նա կյանքն է սիրում ու կյանք է տալիս, որ սերունդները գարուններ տեսնեն, որ սերունդները պատմություն կերտեն, որ ծաղկեն նրանք, երկիր ծաղկեցնեն:


Նրանք չգիտեն, թե ինչ է վախը, նաև չգիտեն, թե ինչ է մահը. անվախ ու անմահ հաղթել են նրանք մութ սարսուռներին, հաղթել են նաև ամեն ինչ ջնջող, իր ճանապարհին ամեն բան ավերող բիրտ ժամանակին: Ուժեղ, անկոտրուն կամքով են օժտված, հավերժ սավառնող հոգով են ծնված հայորդիները՝ քաջարի, վսեմ, պատրաստ տապալել դավադիր թուրքին ու պաշտպան կանգնել հայ հող ու ջրին: Հայոց լեռների քարայծի նման անհնազանդ է հերոսի ոգին, կապույտ երկնի պես անծայր, անհատակ, կրակների պես կայծկլտացող են աչերը նրանց ու հուր աչերով, որ հուր են դարձել ազատ տենչերից, անկախ երկնքի անհագ երազից, մոխիր կդարձնեն այն անօրենին, որ զենք կպարզի հայ ազգի վրա, որ կներխուժի իր վայրագ շնչով Աստծո օրհնությամբ սրբություն դարձած հողը հայրենի:
Մեր հերոսները երբեք չեն զիջում այն, ինչ տրված է հայ նախնյաց կամքով այն, ինչ օծված է լեռներից բխող անապակ ջրով, և այն ինչ սուրբ է և սուրբ է դարձել մեր սերունդների լուռ աղոթքներով: Սիրտս չգիտի խնդա թե՞ լացի, ապրի բերկրանքը հպարտ հայորդու, թե՞ ողբա որպես մտերիմ կորցրած: Թող սիրտս լցվի մեծ հպարտությամբ, քանզի զավակն եմ հերոսներ ծնող ու փառաբանող հնամայա ազգի, քանզի իմ կողքին ապրող ու շնչող ամեն պատանի պատրաստ է դառնալ հերոսն իր ազգի. ապրել, երբ մեռնելը թեթև է դյուրին, մեռնել՝ երբ կյանքդ կյանքեր կփրկի:


Մի կողմ դրեցին մանկուց փայփայած երազներն անմեղ, հաղթեցին նրանք սրտում բույն դրած կարոտը զորեղ, ապրեցին պահով, այն ակնթարթով, որը կարող էր և վճիռ դառնալ, նրանք ապրեցին ամեն վայրկյանը, և այդ վայրկյանը արժե և դարեր, քանզի ապրում ես, երբ որ գործում ես, երբ մտածում ես ու մտածում ես ոչ թե քո մասին, այլ՝ համայն ազգի, համայն մարդկության: Ու վայրկյանները դարեր են դառնում, քանզի վայրկյանում ապրածդ կյանքը, քանզի վայրկյանում գործած սխրանքը, թե դարեր ապրեիր երբեք չէիր տեսնի, թե դարեր ապրեիր երբեք չէիր գործի: Ու հենց այդ պահին կամքն է կյանք դառնում, կամքը զոհելու կյանքը սեփական, որ հարատևի ազգը հաղթական: Այո՛, կամք է պետք, որ դու հասկանաս, որ նռնակ նետելը գուցե և կյանքիդ վերջին արարքն է, այո՛, կամք է պետք:


Երբ նպատակդ լույսին հասնելն է, քեզ չի երկնչի դժվարին ճամփան, երբ որ փափագդ անկախ ապրելն է, քեզ չեն կանգնեցնի թնդանոթ ու արկ: Մեկն է հայության իղձը փառապանծ՝ միացյալ տեսնել հողը հայրենի, թույլ չտալ վայրագ ու բիրտ թշնամուն անօրինաբար տիրել Արցախին։ Հենց այս պայքարում, որտեղ բախվում են արդար-անարդար, վսեմ ու նվաստ նոր շունչ են առնում ու հերոս դառնում զինվորները քաջ: Ու սրտի վերջին-վերջին բաբախով ու արյան ամեն–ամեն կաթիլով նրանք ձուլվում են նախնյաց ավանդած հայրենի հողին: Ու հող են դառնում հերոսները քաջ, իսկ հողը կարծես հերոս է դառնում, որ նոր ավյունով ծաղկի, կանաչի, որ գարունները խաղաղ դարձնի: Իսկ լեռները մեր գլուխ խոնարհում, աղոթք մրմնջում ու աղերսում են, որ հերոսները հերոսներ ծնեն, որ անմահ դարձնեն գենը անկոտրուն լեռնականների: Իսկ մայր երկինքը չգիտի ճչալ թե՞ լուռ խեղդվել վառոդի բույրով արբած օդի մեջ, չգիտի ողբալ ու հեղեղ տեղալ թե՞ լույս տարածել ու ոգեշնչել խիզախ տղերքին: Ու այս ամենից մտքիս միմիայն մի բան է գալիս. կարծես թե կյանքը կատակ է անում՝ չարախինդ կատակ, իսկ աշխարհն, ասես թատերաբեմ է մի հակասական, որի խաղերը ստիպում են ողբալ ու նաև ժպտալ միաժամանկ: Հիմա չգիտեմ ողբալ թե՞ ժպտալ, որ ազգս ունի Արսեն Սարգսյան ու տասնյակ-տասնյակ վեհ քաջորդիներ: Գուցե կսգամ, որ այս աշխարհում նոր սխրանք գործել չես կարող, եղբայ՛ր, և մյուս կողմից կհպարտանամ քո ազատ, անվախ, արիական կամքով ու փառավորված սուրբ հիշատակով:

Ն․Ս․

 

Նվիրում եմ եղբորս՝ Արսեն Սարգսյանի և մարտերում նահատակված մեր բոլոր հերոսների հիշատակին»։

 

2418