Գեներալ-մայոր Անդերսոնը և բրիգադային գեներալ Էլիսը դեսպան Քվինի հետ միասին «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել են «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«Արծիվ գործընկերը» խաղաղապահների համար նախատեսված զորավարժություն է, որն ընթանում է Հայաստանում սեպտեմբերի 11-20-ը։ Վարժանքին մասնակցում են մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։

««Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա  փոխգործակցության վկայությունն է, որի հիմքում անվտանգային և խաղաղապահ ոլորտներում համագործակցությունն է, որն առավելապես դրսևորվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի (նախարարության) Նահանգային գործընկերության  ծրագրի շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ Հայաստանի ձևավորած ամուր հարաբերությունների միջոցով»,- նշեց դեսպան Քվինը։

«Հայաստանի հետ մենք բազմակողմ համագործակցային կապեր ունենք։ Միացյալ Նահանգները հետևողական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին, հատկապես կարողությունների զարգացման ասպարեզում այնպիսի կարևորագույն ուղղություններում, ինչպիսիք են զանգվածային բնաջնջման զենքերի չտարածումն ու խաղաղապահ գործունեությունը»,- ասաց գեներալ-մայոր Անդերսոնը։

Զորավարժությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի  պատրաստվածությունը այս տարի ավելի ուշ նախատեսվող ՆԱՏՕ/ ԳհԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» պլանային գնահատման համար։

667