Araratnews.am-ը տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

- Պարոն Բադալյան, ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմ է Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելուն և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, որքանո՞վ եք դա հնարավոր համարում։

- Ես կարծում եմ դրա հավանականությունը չափազանց փոքր է, հաշվի առնելով այն, որ հազիվ թե հնարավոր լինի դա անել առանց Ռուսաստանի և Ադրբեջանի համաձայնության, իսկ այդ երկու երկրների համաձայնության հեռանկար գոնե առայժմ չեմ տեսնում․ այնտեղ կան այլ խնդիրներ, այլ նպատակներ են հետապնդում թե՛ Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանը, և այս տեսանկյունից կարծում եմ, որ Միլլերի հայտարարությունը առավելապես քաղաքական քարոզչական տիրույթի հարց լուծող հայտարարություն է։ Այդ առաքելության մասին որոշումը պետք է կայացվի ՄԱԿ ԱԽ շրջանակներում, ես չեմ պատկերացնում այլ մեխանիզմ, իսկ այնտեղ, բնականաբար, պետք է լինի նաև այդ խորհրդի մշտական բոլոր անդամների հավանությունը։ Այլ հարց է, որ տեղի ունենա ինչ-որ աշխատանքային շփում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև և ինչ-որ փոխհամաձայնություն ձեռք բերվի, թե որքանով է դա հավանական՝ ես չեմ կարող ասել, բայց հիմա գոնե առերևույթ մենք չենք տեսնում այդպիսի հեռանկարի նախադրյալներ։

- Ո՞րն էր ԱՄՆ նախագահ Բայդենի գլխավոր ուղերձը Նիկոլ Փաշինյանին։

- Ըստ էության Հարավային Կովկասում պարզապես սրվում է աշխարհաքաղաքական դիմակայությունը և Բայդենի ուղերձը լոկ դիմակայության դրսևորում է։ Ցավոք սրտի, շատ մեծ ռիսկ կա, որ Հայաստանը դիտարկվում է որպես խայծ այդ տեսանկյունից և սա մեզ համար չափազանց լուրջ խորհելու առիթ է, որպեսզի մեր անվտանգության խնդիրների լուծման ուղղությամբ հավելյալ մեխանիզմներ ներգրավելով չդառնանք արդեն աշխարհաքաղաքական բախման պոլիգոն՝ բառիս բուն իմաստով, որովհետև մրցակցության հարթակ արդեն դարձել ենք, ցավոք սրտի... Բայց չափազանց կարևոր է կառավարել և թույլ չտալ, որպեսզի այդ ամենը վերածվի անմիջական բախման դրսեւորումների։

- ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել ԼՂ-ում զինված ուժի կիրառմանը։ Ի՞նչ արձագանքի մասին է խոսքը, հնարավո՞ր Բաքվի նկատմամբ պատժամիջոցների կիրառում։

- Այդ կարգի հայտարարությունները հիմա արվում են պարզապես Ադրբեջանին իրենց հետ սեղանի շուրջ բերելու և պայմանավորվելու համար։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կգա, կպայմանավորվի և այդ բոլոր թեմաները այսպես ասած կփակվեն։

- Օրեր առաջ Երեւանում հավատարմագրված Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել էին Հայաստանում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Ի՞նչ կարող էին կողմերը քննարկել։

- Կարծում եմ՝  Սյունիքով անցնող ճանապարհների հարցը, այսպես կոչված՝ միջանցքի հարցը․ ես կարծում եմ, որ Գրանադայում սպասվող հնգակողմ հանդիպմանը այդ հարցը լինելու է առանցքայիններից մեկը, այդ հարցը աշխարհաքաղաքական սրվող դիմակայության առանցքային  թիրախներից է, և այս տեսանկյունից մենք գիտենք Իրանի  վերաբերմունքն ու զգայունությունը այդ թեմաներին։ Ըստ այդմ, կարծում եմ, որ եղել է Գրանադայում հանդիպումից առաջ Իրանի տրամադրության շոշափում, որովհետև ըստ իս՝ Գրանադայի հանդիպման օրակարգի առանցքային հարցն են լինելու միջանցքի խնդրում Ռուսաստանի  հնարավորությունները, այսպես կոչված՝ միջանցքի, իսկ իրականում՝ պարզապես հանգուցային ճանապարհների վերահսկման առումով ՌԴ-ի դիրքերը էլ ավելի թուլացնելը և այստեղ պարզապես տրամադրությունների շոշափման նպատակով զրույց է եղել դեսպանների մակարդակով։

- Բայց Ադրբեջանը կգնա՞ այնպիսի քայլերի, որ ՌԴ-ի դիրքերը թուլացվեն այդ հարցում։

- Ադրբեջանը կգնա այնպիսի քայլերի, որոնք իրեն թույլ կտան խաղալ այդ աշխարհաքաղաքական մրցակցության վրա, ինչպես մենք տեսնում ենք այս ամբողջ ընթացքում, քանի որ Ադրբեջանը ուժերի հավասարակշռության առումով, մեղմ ասած, բավական շոշափելի առավելություն ունի Հայաստանի նկատմամբ՝ փորձում է օգտագործել դա և  աշխարհաքաղաքական մրցակցության հանգամանքն օգտագործելով տարբեր հարթակներում առևտուր անել մեկ Արևմուտքի հետ, մեկ Ռուսաստանի հետ և դրա արդյունքում քաղել ինչ-ինչ  հնարավորություններ։ Ադրբեջանը կգնա Գրանադա այդ նկատառումով, մենք դա պարզորոշ տեսանք Պրահայում, երբ իբրև թե փոխհամաձայնություն եղավ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, բայց մենք տեսնում ենք, որ այդ հանգամանքը ամենևին չի նվազեցրել ռիսկերը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

- Կգա՞ այն պահը, որ Ադրբեջանը կփորձի ռազմական ճանապարհով բացել այսպես կոչված միջանցքը։

- Երբ ռազմական գործողություններով ինչ-որ բան փոխելու պայմանավորվածության կգան Ռուսաստանը և Թուրքիան ու որոշակիորեն այդ պայմանավորվածությունը կբավարարի նաև Իրանին, այդ ժամանակ Ադրբեջանը կրկին կօգտագործվի որպես գործիք և դա հնարավոր կլինի նաև եթե այդ պայմանավորվածությունները սկզբունքորեն ընդունելի լինեն նաև Արևմուտքի համար, որովհետև ՆԱՏՕ անդամ Թուրքիան իհարկե չի կարող որևէ այդպիսի ռազմաքաղաքական պայմանավորվածության մեջ մտնել՝ չունենալով Արևմուտքի անվազն լռելյայն հավանությունը։ Այստեղ ամենավտանգավոր հանգամանքներից մեկն այն է, որ կարող է փակուղի ստեղծվել այդ հարցի շուրջ․ մենք տեսնում ենք, որ, որպես կանոն, բանակցային գործընթացի միջոցով ստեղծվում են փակուղիներ և հետո արդեն այդ փակուղում ձևավորվում է ռազմական որևէ լուծման միջավայր, որտեղ արդեն խոշոր դերակատարներից յուրաքանչյուրը տեսնում է իր որոշակի շահը։ Այլապես այդ մասշտաբի գործողություններ չեն լինի, եթե որևէ առանցքային դերակատար սկզբունքորեն դեմ լինի այդպիսի գործողությանը։

- Թուրքիայի նախագահն այսօր հայտարարել է, որ եթե Հայաստանը ճանապարհը չբացի՝ այն անցնելու է Իրանի տարածքով։

- Առավել էական ազդակ է նրա այցը Նախիջևան, թե ինչ ռազմավարական նպատակներ ունի Թուրքիան։ Թուրքիայի խնդիրը չի սահմանափավում Կովկասով, որը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա և սա շատ ավելի մեծ ռազմավարության մասն է, որովհետև Թուրքիան է, որ Կենտրոնական Ասիայում չինական և ռուսական ազդեցությանը հակազդելու բավական լուրջ ռեսուրս ունի էթնիկ-քաղաքական և կրոնամշակութային իմաստով։ Այս տեսանկյունից Թուրքիան կարևոր սուբյեկտ է Արևմուտքի համար, որը ձգտում Կենտրոնական Ասիայում բարիերներ ձևավորել Չինաստանի դեմ ընդհուպ մինչև Կովկաս, և այս  տեսանկյունից Թուրքիան կարող է դա իրականացնել Ադրբեջանի հետ անկախ կապի պարագայում։ Իրանի տարածքով կապը  Թուրքիայի համար ստեղծում է քաղաքական կախվածություն և սա է նաև պատճառը, որ ես ասում եմ՝ չի փոխվում Թուրքիայի ռազմավարությունը, իսկ հռետորաբանությունը կարող է փոխվել տակտիկական նկատառումներից ելնելով։

Գեղամ Ադյան

 

1123