Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը Araratnews-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսօր ստեղծված են բարենպաստ պայմաններ խաղաղության պայմանագրի կնքման համար․ «Նախ՝ կողմերը երկարատև գործընթացի միջով են անցել և նաև կան հայտարարություններ, որ պայմանագրի կետերի բացարձակ մեծամասնությունը համաձայնեցված է և դա երկու կողմերի դիրքորորշումն է, ինչը հաստատում է միջազգային հանրությունը»։
Քաղաքագետի խոսքով՝ երկրորդ հանգամանքն այն է, որ երկար ժամանակ գետնի վրա հաստատված է կայունություն ու նույնիսկ առանձին կրակոցներ չկան, ինչը աննախադեպ բան է՝ հաշվի առնելով, որ սահմանի մեծ մասը դեռևս դելիմիտացված չէ և կողմերը դեռևս դեմ դիմաց խրամատներում կանգնած են․ «Երրորդ հանգամանքն այն է, որ բոլոր տեսակի խնդիրները, որոնք բարձրաձայնվել են՝ առնվազն Հայաստանը ցույց է տվել, որ պատրաստ է այդ խնդիրները քննարկել և որոշակի լուծումներ առաջարկել, իսկ Ադրբեջանի հռետորաբանությունը թեև բազմաթիվ առումներով շարունակում է պարունակել ոչ կոնստրուկտիվ տարրեր, սակայն նկատելի է որոշակի մեղմացում վերջին շրջանում։ Նաև նկատելի է, որ Ադրբեջանի հանրային քաղաքական տիրույթում վերջին շրջանում էապես նվազել է ատելության խոսքը։ Եվ վերջապես վերջին կետը՝ միջազգային հանրության լուրջ ներգրավվածություն՝ խնդիրը հնարավորինս շուտ լուծելու առումով։ ԱՄՆ գնացող ադմինիստրացիան հանդես է եկել կոնկրետ առաջարկներով՝ հիշենք Բայդենի նամակը, իսկ նորընտիր նախագահը արդեն երկու անգամ ՀՀ վարչապետի հետ հեռախոսով և տետատետ խոսակցություն է ունեցել։ Սա աննախադեպ է և բնականաբար այդ խոսակցության հիմնական թեման եղել է հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման, ուստի նշանակում է, որ ԱՄՆ նոր ադմինիստրացիան նույն կերպ շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը, և նույնիսկ կարող ենք սպասել ավելի արագ զարգացումներ»,- ասաց նա հավելելով, որ նաև Ռուսաստանը լուրջ ճգնաժամային իրավիճակում է գտնվում։
Վարդանյանը նշեց՝ խնդիր է մնում այն, որ Ադրբեջանը դեռևս խոսում է նախապայմանների մասին՝ Հայաստանին մեղադրելով խոչընդոտներ հարուցելու մեջ․ «Կարծում եմ՝ այս ամեն ինչը ժամանակ ձգելու և բանակցային գործընթացում ավելի հարմար բանակցային դիրք զբաղեցնելու համար է։ Բայց ես կարծում եմ, որ այդ ժամանակ ձգելը որոշակի ողջամիտ չափ ունի և չեմ կարծում՝ ԱՄՆ նոր ադմինիստրացիայի ձևավորվելուց հետո Ադրբեջանը կարող է անժամկետ ձգձգել խաղաղության պայմանագրի կնքումը նման հռետորաբանություն առաջ քաշելով։ Ես կարծում եմ, որ համոզիչ են Հայաստանի փաստարկները միջազգային հանրության համար, որ ՀՀ Սահմանադրությունը խոչընդոտ չէ և այդ առումով շատ մեծ նշանակություն ունի ՍԴ հայտնի վճիռը, որը հստակ մեկնաբանություն է տվել Անկախության հռչակագրին»։
Հարցին՝ որտեղից վստահությունը, որ Թրամփի վարչակազմի ժամանակ Ադրբեջանը ժամանակ չի ձգձգի խաղաղության պայմանագրի կնքման հարցում, Վարդանյանն ասաց․ «Մինչև պաշտոնը ստանձնելը Թրամփն արդեն այս թեմայով երկու անգամ խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, տրամաբանակն է ակնկալել, որ եթե հիմա է այդպես՝ պաշտոնը ստանձնելու դեպքում տրամաբանական է, որ ավելի ինտենսիվ և գործնական քայլեր կլինեն։ Կարծում եմ, որ Թրամփի իզոլյացիոնիստական այդ քաղաքականությունը կոնկրետ այս իրավիճակին չի վերաբերում․ ընդհանրապես կարծում եմ, որ այդ քաղաքականությունը այդքան էլ ճիշտ չի մեկնաբանվում, որովհետև մեզ շատ հայտնի է, որ օրինակ Իրանի խնդրի հետ կապված՝ Թրամփը շատ կոշտ դիրքորոշում ունի։ Եթե նա ավելի կոշտ քաղաքականություն է վարում, քան դեմոկրատները, բա էլ ո՞նց է ինքը իզոլյացիոնիստական։ Այսինքն՝ նա կոնկրետ հարցերում կարող է նաև շատ ավելի ակտիվ լինել, քան դեմոկրատները։ Եվ արդեն ցուցադրում է, որ Հրվ․ Կովկասի և լայն տարածաշրջանի առումով ինքը շատ մեծ հետաքրքրվածություն ունի և դա առաջնահերթություններից մեկն է լինելու հավանաբար։ Այստեղ շատ կարևոր է նաև Եվրոպայի դիրքորոշումը, որն անկախ նրանից, թե ով է իշխանության՝ Հարավային Կովկասը այսօր գերկարևոր տարածաշրջան է։ ԵՄ-ն և ասիական երկրները բաժանող գոտի է Հրվ․ Կովկասը և եվրոպական քաղաքական-հասարակական ու նաև տնտեսական տարածքի պոտենցիալ ընդլայնման տարածք է Հարավային Կովկասը, նամանավանդ, երբ ՀՀ-ն հայտարարում է, որ ցանկանում է ԵՄ անդամակցության ճանապարհով գնալ»։
Նա հավելեց՝ չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը կարող է շահել տնտեսապես և քաղաքականապես՝ եթե ստորագրի խաղաղության համաձայնագիրը․ «Արդյունքում տարածաշրջանը գրավիչ է լինելու ներդրողների համար։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը խիստ ավտորիտար պետություն լինելով խիստ քննադատության է արժանանում Արևմուտքի կողմից և բնականաբար այդ ամեն ինչը ազդում է նրա իմիջի վրա, հարվածում տնտեսապես, իսկ խաղաղության ճանապարհով գնալու դեպքում դա որոշակիորեն կարող է մեղմվել և ավելի շահեկան դուրս գա։ Ուղղակի փորձում է հնարավորինս ավելի թանկ գնով վաճառել խաղաղության պայմանագրի իր ստորագրությունը»։
Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների մոտ կարծես հանգստություն կա պայմանագրի կնքման հարցում, քանի որ սկսել են զբաղվել ավելի շատ ներքին քաղաքական հարցերով, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այո, ՀՀ իշխանություններն այսօր կարող են իրենց թույլ տալ շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել ներքին խնդիրներին, որովհետև զգուշավոր լավատեսության հիմքեր կան և ըստ էության արտաքին քաղաքականության մեջ կարելի է ասել, որ կա որոշակի պրոգրես։ Իհարկե նաև չմոռանանք այն հանգամանքը, որ հեռու չեն ընտրությունները և իշխանությունները պետք է նոր արդյուքներ ցույց տան՝ հաշվի առնելով, որ ուժային կառույցներում լուրջ կադրային փոփոխություններ եղան և եթե շոշափելի արդյունքներ չտան՝ դա հարվածելու է իշխանության իմիջին։ Իշխանությունների դիրքերը նաև բավականին ամուր կլինեն ընտրությունների ժամանակ և վերընտրվելու հավանականությունը շատ մեծ կլինի՝ հատկապես եթե այդ ժամանակ խաղաղության պայմանագիր կնքվի և այդ ժամանակ այն սկսի գործել նաև գետնի վրա»։
Գեղամ Ադյան