Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին չի կարող մեկնաբանել լուրերը, թե Բաքվի կողմից գերեվարված ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ադրբեջանական բանտում դաժանաբար ծեծի է ենթարկվել և սպանվել:

Նկատենք, որ Մնացականյանի սպանության մասին լուրերը տարածել է ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հայտարարելով, թե սպաների շրջանում լայն տարածում է ստացել այս տեղեկությունը։

Ամատունու խոսքով, մասնավոր դեպքերի հետ կապված՝ կոմիտեն որևէ տեղեկություն չի տրամադրում և չի հանրայնացնում։

«Ընդհանուր կարող եմ ասել, որ բոլորին, այդ թվում՝ նաև ձեր նշած անձին, մենք տեսակցել ենք Բաքվում հոկտեմբերի 20-ին։ Այդ ընթացքում բոլոր հարցերն առանձնազրույցների ժամանակ քննարկվել են անձանց հետ։ Դա մեր ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում է։ Բացի զրույցներից և պահման պայմանների վերահսկողությունից, նաև  յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Մենք շարունակ կապի մեջ ենք նաև Հայաստանում նրանց ընտանիքի անդամների հետ։ Իսկ մասնավոր դեպքերի մասով չեմ կարող մեկնաբանություն տալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն հանրային հարցերին, լուրերին, որոնք պտտվում են, Ամատունու խոսքով, որևէ մեկնաբանություն անել չեն կարող, քանի որ ցանկացած հարց, որը վերաբերում է անձանց պահման պայմաններին, նրանց հանդեպ վերաբերմունքին, դրանք քննարկում են այդ երկրի իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում, եթե դրա կարիքը կա, և ընտանիքի հետ, իսկ հանրության հետ այդ հարցով որևէ մեկնաբանություն չեն կարող տալ։

«Դա հանրային հարց չէ, այլ մասնավոր է և այդ մարդկանց ճակատագրի հարցն է»,- ընդգծեց Ամատունին։

Medianews.site

755