Թուրքիան պատրաստվում է մարդասիրական միջանցք ստեղծել Գազայի հատվածից քրոնիկական հիվանդություններով վիրավորներին ու հիվանդներին տեղափոխելու համար։ Այս մասին Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա հայտարարությունները մեջբերում է Anadolu գործակալությունը։

«Մենք ոչ միայն ցանկանում ենք միջանցք ստեղծել մարդասիրական օգնության համար, այլ նաև ցանկանում ենք մեծացնել ճնշումը Իսրայելի վրա՝ երաշխավորելու, որ վիրավոր Գազայի բնակիչները կարողանան հասնել այնպիսի վայրեր, որտեղ նրանք կարող են ստանալ բժշկական օգնություն: Նրանց թվում կան քաղցկեղով հիվանդներ՝ թեթեւ ու ծանր վիճակում։ Եթե ​​այս միջանցքը բացվի, մենք պատրաստ ենք վիրավորներին, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող մեր եղբայրներին հասցնել մեր հիվանդանոցներ»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով, թուրքական կողմն ավարտել է նախապատրաստական ​​աշխատանքները, և արդեն «դրական ազդանշաններ» են ստացվում վիրավորներին և քրոնիկ հիվանդություններով հիվանդներին Թուրքիա ուղարկելու մասին։ «Եթե մենք կարողանանք նրանց հասցնել մեր հիվանդանոցներ, մենք կկատարենք մեր մարդկային և կրոնական պարտքը»,- ասել է նախագահը։

420