Արցախից բռնի տեղահանված, ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդները նոյեմբերի 15-ից սկսած կարող են իրենց ավտոմեքենան ապահովագրել 50 տոկոս ցածր վճարով։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։

«Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ավտոտրանսպորտային միջոցը պետք է բավարարի հետևյալ պայմաններին.

1. ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Արցախի Հանրապետությունում,

2. մինչև 2020 թվականի արտադրության է,

3. չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն,

4. սեփականության իրավունքն ապահովագրի անվամբ գրանցվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։

Նշվում է, որ նման որոշում է կայացվել` հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործել ԱՊՊԱ պայմանագիր չունեցող մեծ թվով ավտոմեքենաներ։

1127