Անընդունելի եմ համարում հայկական հետքը, հայկական պատմությունը Հայկական լեռնաշխարհի տարածքից ջնջելու փորձերը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին:

Նա նկատեց, որ մենք երկար ժամանակ նույն տարածաշրջանում ապրել ենք, վերջին հարյուր տարին շատ սերտ շփում ենք ունեցել, և համաշխարհային պատմությունը չես կարող մեկ օրում խմբագրել:

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ տարիներ առաջ ականատես եղանք՝ ինչպես Նախիջևանում անարգվեցին և ոչնչացվեցին հայկական գերեզմանոցները: ԱԺ նախագահը նշեց, որ պետք է պատմությունը օգտագործենք ապագան կառուցելու համար, պետք է ապագայի մասին խոսել, և չի կարող այս ամենը հավերժ տևել:

«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ, Շուշի կամ այն բնակավայրերը, որոնք եղել են հայկական: Խաղաղությունը պետք է կառուցել այսօր՝ բացառելով ատելության խոսքը: Այո, գալու է ժամանակ,  հույս ունենք, մենք ամեն ինչ անելու ենք և ինքնաբերաբար է լինելու, որ հայերը և ադրբեջանցիները  պետք է ապրեն իրար կողքի, պետք է առևտուր անեն։ Չեմ բացառում, որ ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածքում իրենց տները, չեմ բացառում, որ ինչ-որ ադրբեջանցիներ ինչ-որ ժամանակ անց գան և այստեղ բնակություն հաստատեն»,- ասաց նա:
 

Նա նշեց, որ խաղաղության պայմանագրի մեջ նման կետ չի նկատել և այն հիմնված է ամբողջովին միջազգային սկզբունքների վրա: «Հայկական կողմը պատրաստ է և գնում է խաղաղության»,- ասաց նա:

 

288