Անվտանգային խնդիրներից ելնելով պետք է որոշ ժամանակ անցնի, դա իմ կարծիքն է, ես անձամբ չեմ պատկերացնում, որ հայերը այսօր կարող են վերադառնալ ԼՂ այն պարագայում, երբ 2-3 օրվա ընթացքում հարյուր հազարից ավելի հայ իրենց տները թողել արտագաղթել են: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձին:

Նա նշեց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների համար կարևորն այն է, որ գործող միջազգային հարթակ լինի: Նա նկատեց, որ Ադրբեջանը որպես գործընկեր միջազգային հարթակներում բավականին սխալ և վատ է իրեն պահել և դա է պատճառը, որ խուսափում են միջազգային հարթակներից:

«Ռուսաստանի արձագանքն ավելի շատ նման է այն տարբերակին, որ փորձում է իրավիճակը պահել իր ձեռքի մեջ՝ չհասկանալով, որ իրավիճակը վաղուց բաց է թողել»,- ասաց նա և նշեց, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչ մի բան չեն արել:

Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է  օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը, ինչը բացասական է գնահատում:

«Ժամանակ կանցնի և չեմ բացառում, որ ինչ-որ հայեր կգնան Ադրբեջանում կապրեն և ինչ-որ ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն, այո, խաղաղության ենք գնում: Այն պնդումները, որ մենք հակամարտել ենք և դա անլուծելի խնդիր է, ինձ համար անընդունելի է»,- ասաց նա և պատմությունից օրինակներ բերեց:

Նա նշեց, որ խաղաղության պայմանագիրը ցանկության դեպքում տասը օրվա, հինգ օրվա մեջ կարելի է կնքել: «Հիմա մենք մեր առաջարկները ուղարկել ենք, արդեն վեցերորդ փոխանակումն է»,- ասաց նա: Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ՀՀ-ն որևէ տարածքային պահանջ իր հարևաններից որևիցե մեկի նկատմամբ  չունի:

784