ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի ներկայացրած տվյալներով՝ 2023 թվականին ՀՀ տնտեսությունը աճ է գրանցել 8,7 տոկոսով։
Նկատենք, որ այդ լուրջ աճին խթանել է վերջին տարիներին նոր թափ հավաքած, մեր երկրի տնտեսությունում կարևորագույն տեղ զբաղեցնող ճյուղերից մեկը՝ ոսկերչությունը, որտեղ հիմնական դերակատարը Երևանի ոսկերչական ֆաբրիկան է, ամենահզոր գործարաններից մեկը Հայաստանում, որտեղ լուրջ ներդրումներ են կատարվել շուրջ 30 մլն դոլար։

Ինչպես փաստեց պատգամավորը, եղել է արտադրությունում, ծանոթացել կատարված ներդրումներին, և գրանցած արդյունքները ոչ թե թվանկարչություն են, այլ՝ ռեալ արտադրություն, ինչն էլ նպաստել է Հայաստանում ոսկյա զարդերի արտադրության ու արտահանման էական աճին։ Հատկանշական է, որ գործարանն ինքն է մշակում հանքանյութը՝ ստանալով ոսկին, ինչն էլ հետո դառնում է զարդ։ Եվ այս ամենը ֆաբրիկայի տեխնոլոգիական բացառիկ հնարավորությունների շնորհիվ։ Եթե նախկինում ոսկյա զարդերի ռոդիումապատման լուծույթը ներկրվում էր դրսից, կամ ռոդիումապատման պրոցեսը կատարվում էր արտասահմանում, այսօր այդ ամենը կատարվում է տեղում։ Փաստացի՝ սրանով Երևանի ոսկերչական ֆաբրիկան դարձավ միակ արտադրողը տարածաշրջանում, ով կարող է շուկա ներմուծել ամբողջական ցիկլով սեփական արտադրության ոսկերչական արտադրանք, այլ ոչ թե զուտ վերամշակված խտանյութ։

Այդ ամբողջ պրոցեսը տեսնելու համար պատգամավորը ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին առաջարկեց հատուկ այց կազմակերպել Երեւանի ոսկերչական գործարան, որտեղ նրանց կներկայացվեն, թե ինչ ծավալի ներդրումներ են կատարվել, ինչ սարքավորումներ են բերել եւ ինչպես է ստացվել, որ արտադրությունն աճել է։
Ի հավելումն այս ամենի, նշենք, որ Երևանի ոսկերչական ֆաբրիկան իր աջակցությունը ցուցաբերեց նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ կարճ ժամանակում վերապատրաստելով և բարձր վարձատրությամբ կայուն աշխատանքով ապահովելով նրանց։ Այս պահին էլ արտադրամասը պատրաստ է աշխատատեղեր հատկացնել բռնատեղահանված արցախցիներին։

1328