Ընթացքի մեջ է ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացը:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունում է երեք փուլով հայտադիմումներ: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարականերից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում, որն ընդունված է անվանել նաև հիմնական փուլ, բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում մինչև 2024 թ. մայիսի 10-ը՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը: Երկրորդ փուլում բուհը և մասնագիտությունը չեն նշում միայն այն դիմորդները, որոնք դիմելու են ուժային կառույցների կրթական հաստատություններ կամ հեռակա ուսուցման նպատակով»,- ասել է Կարո Նասիբյանը:

Ըստ բանախոսի՝ այս տարվա շուրջ 20 հազար շրջանավարտից առաջին փուլին՝ հունվար ամսվա քննություններին, մասնակցել է մոտ 8000 դիմորդ, որից դեռևս միայն 2000-ն է երկրորդ՝ հիմնական փուլով հայտագրել բուհն ու մասնագիտությունը: Այս փուլին պարտադիր մասնակցելու վերջնաժամկետի մասին ԳԹԿ-ն դիմորդներին տեղեկացնում է նաև անձնական էլեկտրոնային հասցեներին ուղարկվող նամակների միջոցով:

Այն դիմորդները, որոնք վաղուց են ավարտել դպրոցը, քննություններին մասնակցելու անձնական համարը կարող են ստանալ ԳԹԿ-ի կողմից ամեն տարի հատուկ ընտրված դպրոցներից՝ իրենց տարածաշրջանում:

Կարո Նասիբյանն իրազեկել է, որ առաջին անգամ այս տարվա ընդունելության քննություններում հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ. այն դիմորդները, որոնք կներկայանան հեռախոսներով կամ այլ սարքավորումներով, չեն շարունակի քննությունը:

703