Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, շինարարներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, կայացած միջոցառման ժամանակ նաև անդրադարձել է նոր ատոմակայանի կառուցմանը և հորդորել պատրաստվել:
«Դա Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումն է, որը պետք է մեր ամբողջ երկրի շինարարական ոլորտը բերի նրան, որ միասին պատրաստվենք։ Պատրաստվենք հիմա, որովհետև հսկայածավալ շինարարություն է, ինչպես մյուս խոշոր ծրագրերը»,- ասել է նախարարը:
Գնել Սանոսյանը, արժևորելով այն կարևոր աշխատանքը, որ իրականացնում են շինարարները, նշեց՝ հաճախ շինարարությունը նյութական, ֆինանսական բաղադրիչով են դիտարկում, սակայն, ըստ նախարարի, այն հոգեվիճակ է. «Միայն այն փաստը, որ կարող ես ինչ-որ շինության կողքով անցնել ու ասել, որ սա ես եմ կառուցել, հոգեբանորեն մեծ բավականություն է պարգևում, և այդ դրական էմոցիաներն ու հոգեվիճակն ամբողջ կյանքում ուղեկցում են քեզ»,-ասաց նախարարը:
Սանոսյանն ընդգծեց՝ ՀՀ կառավարությունը հսկայածավալ շինարարական նախագծեր ունի ոչ միայն հիմա, այլ նաև առաջիկայում, և, դինամիկան պահպանելով, մի շարք խոշոր ծրագրեր պետք է համատեղ իրականացնեն: Նախարարը ուրախությամբ նշեց, որ կառավարության ծրագրերին համահունչ շինարարները կարողանում են իրենց կարողությունները ավելացնել, որպեսզի միասին կարողանան նախանշված ծրագրերը կյանքի կոչել: