Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Միջազգային արևային դաշինք» (ՄԱԴ) հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին: «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի հիմքն «Արևային էներգետիկայի խթանմամբ զբաղվող պետությունների Միջազգային արևային դաշինքի մեկնարկի մասին» 2015 թվականի նոյեմբերի 30-ի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերին նվիրված խորհրդաժողովում ընդունված Փարիզի հայտարարությունն է: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մինչ այժմ համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, որոնցից 97-ն այն վավերացրել են: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագրի նպատակն արևային էներգետիկայի զարգացման ոլորտում համատեղ ջանքերի ներդրումն է` տեխնոլոգիաների, նորարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով և առկա խոչընդոտները համակարգված ձևով վերացնելու նպատակով` բարեկեցության, էներգետիկ անվտանգության և ժողովուրդների կայուն զարգացման ապահովման համար:
Հայաստանը դաշինքին միանալու փաստաթուղթը ստորագրել է 2023 թվականի նոյեմբերին: Հակոբ Վարդանյանի խոսքով՝ բավականին օգտակար կլինի դաշինքի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը:
Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ի տվյալներով ՀՀ-ում կան 630 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ինչը բավականին մեծ թիվ է:
Նախագիծը հանձնաժողովում արժանացել է դրական եզրակացության: