Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպե՞ս է փոխվել հանրային հաղորդակցությունը ֆինանսական ոլորտում վերջին տարիներին, ի՞նչ ազդեցություն են ունեցել ժամանակակից տեխնոլոգիաները հաղորդակցային գործիքների վրա, և ի վերջո, ինչպե՞ս կառավարել ընկերության հեղինակությունը և պահպանել հաճախորդների վստահությունը ժամանակակից բարձր մրցակցային միջավայրում:

Այս և ոլորտային այլ առանցքային հարցերի քննարկմանն էր նվիրված Մեդիամաքս մեդիա-ընկերության Banks.am պորտալի 20-ամյակին նվիրված FinComm Armenia 2026  կոնֆերանսը: «Մամուլի հաղորդագրությունից բանկերի push notification. հաղորդակցության էվոլյուցիան» թեմայով պանելային քննարկմանը մասնակցում էին բանկերի մարքեթինգային հաղորդակցությունների  և հանրային կապերի պատասխանատուները:

Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանն ընդգծեց տեխնոլոգիաների դրական ազդեցությունը՝ հաղորդակցության չափելիության տեսանկյունից.

«Տեխնոլոգիաները, ի թիվս այլ գործոնների, մի կարևոր խնդիր են լուծել, իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց դրանց շնորհիվ է, որ այսօր մենք կարողանում ենք չափել մեր հաղորդակցությունների արդյունավետությունը: Բայց տեխնոլոգիաները, ինչ-որ իմաստով, նաև բարդացրել են մեր աշխատանքը. մենք շարունակական մրցակցության մեջ ենք՝ զարգացնելու մեր հաղորդակցային բազմապիսի գործիքներն այնպես, որ պահպանենք tone of voice-ը և մեր ձեռագիրը: Եվ եթե տարիներ առաջ բիզնեսներն իրենց հաղորդակցությունները կառուցում էին պրոդուկտահեն հիմքի վրա՝ ավելի շատ տեղեկատվություն ներկայացնելով, ապա այսօր բոլորս շարժվում ենք մարդակենտրոն, հաճախորդամետ մոտեցման ուղղությամբ, և սա արդեն ոչ թե թիրախավորված, այլ անհատականացված հաղորդակցություն է»:

Բանախոսները համակարծիք էին, որ սոցիալական մեդիայի զարգացումը, դրական փոփոխություններից բացի, նաև նոր մարտահրավերներ է ստեղծել ճգնաժամային հաղորդակցության տեսանկյունից.

«Հայէկոնոմբանկում մենք փորձում ենք հաճախորդների հետ հաղորդակցությունն իրականացնել ներքին և արտաքին կանոնակարգերին համապատասխան, բայց միևնույն ժամանակ ձգտում ենք ապահովել ազնիվ հաղորդակցություն՝ սկրիպտային տեքստերից դուրս, որովհետև հաճախորդը ուզում է, որ իր դիտարկումը լսվի և համապատասխան արձագանք ստանա»:

Պատասխանելով մոդերատորի հարցին, թե արդյոք այսօր հնարավոր է տարանջատել մարքեթինգը և հանրային կապերը միմյանցից, Տոնիկյանը նշեց.

«Մարքեթինգի և հանրային կապերի միջև սահմանն այսօր շատ նուրբ և շատ հաճախ անտեսանելի է. բանկային ոլորտում հաղորդակցության աշխատանքը պահանջում է ճկունություն, բազմաֆունկցիոնալություն և փափուկ հմտություններ: Բայց միևնույն ժամանակ, որոշակի իրավիճակներում այդ սահմանը հստակ տեսանելի է դառնում»:

Քննարկման մասնակիցներն ուրախությամբ արձանագրեցին, որ բանկային հաղորդակցությունների ոլորտը Հայաստանում ոչ միայն դինամիկ զարգանում է, այլ նաև աչքի է ընկնում առողջ գործընկերային միջավայրով, որտեղ փորձի փոխանակումն ու միմյանց աջակցելը դարձել են կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասը:

Ամփոփելով քննարկումը՝ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը հույս հայտնեց, որ կոնֆերանսը կդառնա ամենամյա՝ ձևավորելով արդյունավետ հարթակ իրական փորձի և գործնական քեյսերի հիման վրա ֆինանսական հաղորդակցության զարգացման միտումները վերլուծելու համար:

 

72