Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այժմ կցանկանայի անդրադառնալ գրանցված հանցագործությունների աճի վրա էական ազդեցություն ունեցող լատենտային հանցատեսակներին և ընդհանուր վիճակագրական պատկերում դրանց մասնաբաժնին։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

«Արձանագրեմ, որ վերջին 5 տարիների ընթացքում, պայմանավորված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող առավել համակարգային և սկզբունքային պայքարով, դեպքերի  հայտնաբերման աճը միջինում կազմել է 46,6% (2019 թ.` 847, 2020 թ.` 872, 2021 թ.` 974, 2022 թ.` 1.717, 2023 թ․՝ 4.564)։

Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված ընդհանուր շուրջ 1 տոննա 220 կիլոգրամ թմրամիջոցներից միայն 2023-2024 թվականներին հայտնաբերվածից 62 կիլոգրամը եղել է սինթետիկ, որից շուրջ 24 կիլոգրամը կամ 39%-ը հայտնաբերվել է ոստիկանության կողմից:

Արձանագրեմ, որ թմրամիջոցների մեծ քանակ հանրապետություն ներկրվում է հարևան երկրներից և հատկապես Մեղրիի սահմանային հատվածով, որտեղ ոստիկանության իրավասությունները սահմանափակ են։

Ինչ վերաբերում է անչափահասների մասնակցությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին, ապա վերջին 5 տարիներին, ըստ ոստիկանության հաշվառումների, թմրամիջոցների իրացման և օգտագործման համար քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը յուրաքանչյուր տարի չի գերազանցել 10-ը։

Հարկ է նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, թմրամիջոցների իրացման աղբյուր է դարձել նաև համացանցը, որի միջոցով իրացման դեպքերը տարեցտարի աճում են:

2021-2023 թվականներին  ընդհանուր հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 631 դեպք, որից 173-ը՝ իրացման, իսկ 458-ը՝ ձեռք բերելու։

Վերջին հինգ տարիներին արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող շուրջ 120 համացանցային հարթակ, հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարիներին գրանցված եզակի դեպք է։

Փաստ է, որ նշված հանցատեսակը կրում է անդրազգային բնույթ և չի սահմանափակվում կոնկրետ երկրի սահմաններով, իսկ նման դեպքերի բացահայտելիությունն ուղղակի պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածության և մասնագիտական բարձր կարողություններով: Դրանց ձևավորման ուղղությամբ իրականացվում է համակարգային աշխատանք։

Այս համատեքստում կցանկանայի նշել, որ հաշվի առնելով համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման զգալի աճը, քրեական ոստիկանությունում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, որի ծառայողների աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպքեր»,- ասաց ՆԳ նախարարը:

364