
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վլադիմիր Պուտինը պատրաստ է Դոնալդ Թրամփի հետ բանակցել Ուկրաինայում հրադադարի շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրներ։
Գործակալության տվյալներով՝ ՌԴ նախագահը պատրաստ է երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ՝ հաշվի առնելով հետևյալ պայմանները. Պուտինը բացառում է տարածքային խոշոր զիջումները և պնդում, որ Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու մտքից։ Ընդ որում՝ Կրեմլը պատրաստ է քննարկել Կիեւի անվտանգության երաշխիքները։ Միևնույն ժամանակ, աղբյուրները պնդում են, որ Պուտինը կարող է նաև մի շարք զիջումներ պահանջել Ուկրաինայից՝ այդ թվում՝ զինված ուժերի քանակի սահմանափակում և ռուսաց լեզվի օգտագործման արգելքների վերացում։
Մոսկվան պատրաստ է նաև սառեցնել հակամարտությունը առաջնագծում և բանակցություններ վարել ռուսական նոր տարածքների ճշգրիտ բաժանման շուրջ (ԴԺՀ, ԼԺՀ, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններ): Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է հրաժարվել Խարկովի և Նիկոլաևի շրջանների որոշ տարածքներից։ Ճիշտ է, աղբյուրները մտավախություն ունեն, որ Մոսկվայի պայմանները շուտով կդառնան ավելի կոշտ, դա պայմանավորված է Ջո Բայդենի՝ Ռուսաստանի խորքում Ուկրաինայի կողմից ATACMS հեռահար բալիստիկ հրթիռներ օգտագործելու թույլտվության որոշմամբ: