
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ Care for children կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային առաջնահերթություններն ու հեռանկարները։ Քննարկվել է նաև այս ուղղությամբ համատեղ հնարավոր անելիքների տեսլականը, ներկայացվել Care for children կազմակերպության այս ոլորտում ունեցած փորձառությունը, գրանցած հաջողությունները, դրանք ՀՀ-ում տեղայնացնելու հնարավորությունները։
Խոսելով Care for children կազմակերպության հետ համագործակցության և այս ուղղությամբ լավագույն փորձի փոխանակման մասին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ այս պահին Հայաստանում առկա ցուցանիշները խոսում են գործընթացի դրական ընթացքի մասին, սակայն դեռևս կան մարտահրավերներ, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ են համատեղ ջանքեր։
Care for children ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերը ևս ներկայացրել է իր հիմնադրած կազմակերպության փորձառությունը, դիվանագիտական ներկայացուցիչների հետ խոսել ոլորտում ջանքերի համատեղման կարևորության և համագործակցության մասին։
Հանդիպմանը նաև ելույթ է ունեցել Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ներկայացուցիչ Վեյ-Քիթ Հուն, ով փոխանցել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով նախարար Դեյվիդ Լամմիի տեսաուղերձը, ով ողջունել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված խնամատարության ինստիտուտի զարգացմանը և Հայաստանում նման համաժողով հյուրընկալելուն․ «Կառավարություններից մեկը, որի հետ սերտորեն աշխատել եք, Հայաստանն է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը՝ այս համաժողովը hյուրընկալելու և այն ամբողջ աշխատանքի համար, որն իրականացնում եք ձեր երկրում ու տարածաշրջանում՝ այս գործընթացն առաջնորդելու համար։ Հուսով եմ, որ համաժողովի շրջանակում կկարողանանք այս գործընթացում ներգրավել նոր համախոհների, որպեսզի ավելի շատ երկրներում ավելի շատ երեխաներ զգան սիրող ընտանիքի մաս լինելու ուրախությունը»։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։