
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խորհրդարանը ներկայումս քննարկում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որպես հիմնական զեկուցող, իր ելույթում շեշտեց՝ բյուջեն վերաբերում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուն։ Նրա խոսքով, երկրում գոյություն չունի գեթ մեկ մարդ, ով հարկ չի վճարում, քանի որ դա պարզապես հնարավոր չէ։
Նախարարը ընդգծեց, որ բյուջեն ձևավորվում է բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ. որքան շատ ենք աշխատում, վաստակում և սպառում, այնքան մեծ է մեր մասնակցությունը բյուջեի եկամուտների հավաքագրմանը։ «Հարստացի՛ր և հարստացրո՛ւ» բանաձևը հենց այս տրամաբանության շրջանակում է։
Վահե Հովհաննիսյանը նաև նշեց, որ հարկային վարչարարության կենտրոնում պետք է շարունակի մնալ հարկային կարգապահության ամրապնդումը։ Նա ընդգծեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում կայացված որոշումներն ու օրենսդրական փոփոխությունները զգալիորեն ընդլայնել են վարչարարական գործիքակազմը՝ այդ նպատակին հասնելու համար։
Տնտեսական իրավիճակի վերաբերյալ խոսելիս նախարարը հայտնեց, որ 2024 թվականը եղել է տնտեսության կայունացման փուլ։ Տարվա ընթացքում արձանագրվել է 5.9% տնտեսական աճ (հիմնականում պայմանավորված ծառայությունների ոլորտի ընդլայնմամբ)։
Այս աճը ուղեկցվել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի աճով։ 2021-2024 թվականներին միջին տնտեսական աճը կազմել է 8.2%, իսկ տնտեսական պոտենցիալ աճը՝ նախկին 4-4.5% ցուցանիշի փոխարեն, այժմ գնահատվում է 5-5.5%:
Բացի դրանից, 2024 թվականին, նախորդ տարվա համեմատ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է 4.9%-ով, հասնելով 3 միլիոն 360 հազար դրամի (կամ 856 ԱՄՆ դոլարի)։
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ՀՀ տնտեսական կյանքի մեջ ներգրավելու կառավարության ձեռնարկած քայլերին՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունները նույնպես նպաստել են երկրի տնտեսական ներուժի բարձրացմանը։
Նախարարը նաև նշեց, որ վերջին երեք տարիների տնտեսական բարձր աճը զուգակցվել է բնակչության կենսամակարդակի աճով։
2024-ին աշխատավարձերն աճել են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում։ Մասնավորապես, միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 6.4%-ով՝ կազմելով 287,172 դրամ, իսկ վարձու աշխատողների թիվը աճել է 5.2%-ով, հասնելով 760,555 մարդու։